2 րոպեի ընթերցում
Ֆինլանդիայի իշխանությունները պատրաստվում են էլ ավելի խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի պայմանները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, վարչապետ Պետերի Օրպոն հայտնել է ռուսաստանցիների մուտքի վրա լիակատար արգելք սահմանելու հնարավորության մասին։
Կառավարության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Օրպոն նշել է, որ նման քայլը կլինի հետևողական որոշում։
Վարչապետը հավելել է, որ Ֆինլանդիան սահմանափակում է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը 2022 թվականից՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Այլ միջոցառումների շարքում, Ֆինլանդիայի իշխանությունները դադարեցրել են տուրիստական վիզաների տրամադրումը ռուսներին։
«Մենք այժմ ցանկանում ենք մերժել ռուսաստանցի պրոֆեսիոնալ մարզիկների մուտքը Ֆինլանդիա»,-ասել է Օրպոն։
Միևնույն ժամանակ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հայտնել է, որ իր նախարարությունը անհապաղ կպատրաստի փոփոխություններ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերաբերյալ կառավարության նախկին որոշման մեջ։
Նոյեմբերի կեսերին Հելսինկիում տեղի կունենան NHL-ի երկու հանդիպումներ, որոնց, ինչպես սպասվում է, կմասնակցեն ռուս հոկեյիստներ։ Դրանից հետո Ֆինլանդիայի մայրաքաղաքը կհյուրընկալի գեղասահքի «Finlandia Trophy» մրցաշարը, որին նույնպես նախատեսված է ռուս մարզիկների մասնակցությունը։ Նոյեմբերի վերջին Ֆինլանդիայի հյուսիսում գտնվող Ռուկա լեռնադահուկային հանգստավայրում կանցկացվի դահուկավազքի աշխարհի գավաթի փուլը, որին մտադիր են մասնակցել նաև ռուս մարզիկները։