2 րոպեի ընթերցում
Էդգար Շաթիրյանը հայտարարել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շաթիրյանն այս մասին ասել է նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունից հետո։ Նա կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։
«Կշարունակեմ պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր։ Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները, ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը՝ որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ»,- հայտարարել է նա։
2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել էր Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարման վեցամյա ժամկետը, ինչով պայմանավորված հոկտեմբերի 14-ին անցկացվել էր դատարանի նոր նախագահի ընտրություն։ ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրվել էին Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ Քվեարկության առաջին և երկրորդ փուլերում թեկնածուներից ոչ ոք չէր ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ, և ընտրությունը համարվել էր չկայացած։
Նոյեմբերի 6-ին անցկացվել է նոր ընտրություն նույն երկու թեկնածուների մասնակցությամբ։ Առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել անհրաժեշտ թվով ձայներ։ Երկրորդ փուլի արդյունքում ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։
Էդգար Շաթիրյանը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ դատարանի փոխնախագահ՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին։