Պուտինի հատուկ ներկայացուցիչը կմասնակցի Սպիտակ տանը Մելանյա Թրամփի կազմակերպած միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը նոյեմբերի 5-ին կմասնակցի Սպիտակ տանը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հյուրընկալությամբ անցկացվող միջոցառմանը։ Վաշինգտոնում նա նաև կհանդիպի ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին հայտնել են Դմիտրիևի ծրագրերին ծանոթ երկու աղբյուր։

Դմիտրիևի այցը տեղի է ունենում նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների եռակողմ հանդիպումից առաջ։ Այդ հանդիպման ընթացքում ԱՄՆ բանակցողները կփորձեն առաջընթացի հասնել պատերազմը դադարեցնելու հարցում։

Սպիտակ տունը հայտարարության մեջ նշել է, որ Մելանյա Թրամփը ելույթ կունենա Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Օլեշկի քաղաքի շրջակայքում հաստատված վեցօրյա տեղական հրադադարի վերաբերյալ։

Դմիտրիևի ծրագրերին ծանոթ աղբյուրներից մեկն ասել է, որ ԱՄՆ-ում նրա շփումներում մարդասիրական ուղղությունը և Մելանյա Թրամփի թիմի հետ փոխգործակցությունը դարձել են բանակցությունների կարևոր ուղղություններից մեկը։

Դմիտրիևը ներգրավված է եղել Ռուսաստանում պահվող ամերիկացի կալանավորների ազատ արձակման, ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու, ինչպես նաև Օլեշկիում մարդասիրական գործողության կազմակերպման գործընթացներում։

Նշենք, որ սա կդառնա Ռուսաստանի և ԱՄՆ պաշտոնյաների միջև առաջին առերես շփումը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնց արդյունքում դեմոկրատները վերահսկողություն են ստացել Կոնգրեսի երկու պալատներում՝ Սենատում և Ներկայացուցիչների պալատում, ինչը հարված է հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին։

Կրեմլը հույս է հայտնել, որ չնայած Հանրապետական կուսակցության պարտությանը, Թրամփը կշարունակի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Կրեմլից նաև հայտնել էին, որ աշխատանքներ են տարվում նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Պուտինի, Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը նախապատրաստելու ուղղությամբ։

Հայերեն