Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին
3 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի ժամանակ ընդգծել է, որ արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը որդեգրել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա խոսել է՝ անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։
«Մեր հիմնական նպատակն է դիվերսիֆիկացնել բոլոր տեսակի հարաբերությունները՝ տնտեսական, քաղաքական և այլն։ Եթե չկա հավասարակշռություն որևէ հարաբերություններում, ապա միշտ կա ռիսկ։ Մեր երկրում, երբ քննարկում էինք անկախություն բառի իմաստը կամ բովանդակությունը, առաջարկեցի բանաձև՝ ասելով, որ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածության փոխակերպելն է։ Սա է մեր քաղաքականության հիմնական բանաձևը։ Անկախ ներկայիս իրավիճակից` դա ռազմավարական մոտեցում է, և մենք այդ ճանապարհով կընթանանք»,-շեշտել է ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի զգուշացմանը, թե Հայաստանը կարող է նոր Ուկրաինա դառնալ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառուցողական չի համարում այդ ձևակերպումը։
«Հայաստանը չի պատրաստվում այլ բան դառնալ։ Հայաստանը Հայաստան է և ավելի ու ավելի է լինելու Հայաստանի Հանրապետություն։ Ես նկատի ունեմ անկախության մակարդակը։ Մեր նպատակն է ամրապնդել, զարգացնել մեր անկախությունը, և դա անչափ լեգիտիմ նպատակ է։ Ոչ ոք չի կարող Հայաստանին մեղադրել նրա համար, որ Հայաստանն ունի հավակնություն, ձգտում՝ լինելու ավելի անկախ, լինելու ավելի ինքնիշխան, լինելու ավելի ինտեգրված պետություն»,-ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ երբ Հայաստանը խորացնում է հարաբերությունները Եվրոպական Միության հետ, շատ կարևոր է, որ այդ քաղաքականության արդյունքում չկտրվի տարածաշրջանից։ «Հիմա մեր տարածաշրջանային քաղաքականությունը մեր երկրի առաջնահերթություններից մեկն է, քանի որ մեր անկախության ընթացքում ունեցանք հակամարտություն Ադրբեջանի հետ, ունենք բարդ հարաբերություններ կամ հարաբերությունների բացակայություն Թուրքիայի հետ, միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Վրաստանի, Իրանի հետ, սակայն եղել և մնում են որոշ սահմանափակումներ՝ կապված միջազգային պատժամիջոցների հետ, բայց մենք Հայաստանը չենք տեսնում մեր տարածաշրջանից դուրս»,-ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։