ԿԲ նախագահը պարզաբանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկրորդ ամիսն անընդմեջ բարձրացնելու որոշումը
6 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 3-ի նիստում որոշել է 0.25 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 7.0%։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման մանրամասները ասուլիսում ներկայացրեց գերատեսչության ղեկավար Մարտին Գալստյանը։
ԿԲ նախագահր տեղեկացրեց, որ 2026 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 4.3%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 4.7%:
Ըստ Գալստյանի՝ տարածաշրջանային հակամարտությունների տևականության և դրանց կարգավորման հեռանկարի շուրջ մեծ անորոշության պայմաններում համաշխարհային տնտեսությունում պահանջարկի հետագա թուլացման և, միաժամանակ, գնաճային ճնշումների ավելացման ռիսկերն աստիճանաբար դառնում են ավելի առարկայական։ Արհեստական բանականության ոլորտում ԱՄՆ-ում առկա բարձր և ընդլայնվող ներդրումային ակտիվությունը, մյուս կողմից հարկաբյուջետային կայունության շուրջ մտահոգությունները պարունակում են երկարաժամկետ չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի ուղղությամբ ռիսկեր՝ զարգացող երկրներում չեզոք տոկոսադրույքների և կապիտալի հոսքերի վրա համապատասխան ազդեցություններով։
«Եվրոգոտում և Ռուսաստանում, չնայած վերջին եռամսյակներում տնտեսական աճի թույլ վերականգնմանը, կառուցվածքային խնդիրները պահպանվում են՝ սահմանափակելով նաև միջնաժամկետ տնտեսական աճի հնարավորությունները: Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման, մատակարարման շղթաների կայունության վերաբերյալ մտահոգությունների պայմաններում էներգակիրների գները շարունակել են ձևավորվել բարձր մակարդակներում, իսկ կուտակված պաշարների աստիճանական նվազումը մեծացրել է շուկայի խոցելիությունն առաջարկի հնարավոր նոր ցնցումների նկատմամբ։ Զուգահեռաբար, պայմանավորված ինչպես ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներով, այնպես էլ անբարենպաստ եղանակային պայմաններով, արձանագրվում է նաև համաշխարհային պարենամթերքի գների աճի արագացում»,- արձանագրեց բանախոսը։
Մարտին Գալստյանի խոսքով՝ այս համատեքստում առարկայական են առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության տոկոսադրույքների հետագա բարձրացման և բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերը:
ԿԲ նախագահն ընդգծեց, որ 2026 թվականի երրորդ եռամսյակում, այդ թվում՝ աճի ոչ կառուցվածքային գործոնների շարունակական չեզոքացմամբ պայմանավորված, Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշակիորեն դանդաղել է:
«Տնտեսական ակտիվության աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի զարգացումները՝ մատնանշելով ավելցուկային պահանջարկի առկայության մասին: Վերջինս արտահայտվում է նաև վերջնական սպառման ապրանքների ներմուծման և մանրածախ առևտրի աճի բարձր ցուցանիշներում: Ավելին՝ նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ այցելությունների և դրանց տևողության աճով, ինչը ձևավորում է նաև էական ռիսկեր համապատասխան ոլորտներում աշխատավարձերի աճի և ծառայությունների գների արագացման ուղղությամբ։ Մյուս կողմից՝ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներով պայմանավորված՝ ներքին շուկայում ապրանքների ավելցուկային առաջարկի ձևավորման, ինչպես նաև սպառողական և ներդրումային վստահության թուլացման ռիսկերը պահպանվում են»,- ներկայացրեց Գալստյանը։
Ըստ նրա՝ մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների և ռիսկերի պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները առաջիկայում ակնկալում են ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացում մինչև 7 տոկոսի մակարդակ, այնուհետև՝ կարճաժամկետ հորիզոնի վերջում տոկոսադրույքի նվազեցում մինչև 6.75%:
Հայտարարվեց, որ քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում ԿԲ խորհուրդը մի կողմից դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսությունում չեզոք տոկոսադրույքների աճի, ներքին տնտեսությունում ավելի բարձր պահանջարկի պայմանների ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների տևականության պայմաններում գնաճային ճնշումների շարունակական ավելացման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։
Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման, ՌԴ հետ տնտեսական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ անորոշությունների պայմաններում ներդրումային և սպառողական վստահության թուլացման և Հայաստանի ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ։ Այս ամենը ենթադրում է շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի:
Արդյունքում՝ կարևորելով Ա տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7 տոկոս։
Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար: