Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը
13 րոպեի ընթերցում
Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որը համախմբել է տեխնոլոգիական ոլորտի ղեկավարներին, նորարարներին, ներդրողներին և քաղաքականություն մշակողներին՝ Հայաստանը ներկայացնելով որպես տեխնոլոգիական գործընկերության և ներդրումների վայր։
«Silicon Mountains»-ը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական հարթակն է, որը 2019 թվականից կազմակերպում է ՏՀՏ գործատուների միությունը։
Առաջին անգամ միջոցառումը 2-օրյա է՝ հագեցած օրակարգով, որն ուղղված է բիզնես հարաբերությունների ստեղծման հնարավորություններին։ Համաժողովին զուգահեռ անցկացվում է տեխնոլոգիական ցուցահանդես՝ տեխնոլոգիական կրթություն իրականացնող բուհերի ու ստարտափների ներկայացման նպատակով նոր գործընկերությունների ձևավորման համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն իր ելույթում նշեց, որ տվյալ հարթակը տարիներ շարունակ միավորում է նորարարներին, ներդրողներին և ընդհանրապես ոլորտի ջատագովներին։
«Եթե փորձենք բարձունքից նայել ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտին, ապա դժվար է չնկատել այն պատկառելի ճանապարհը, որը մենք անցել ենք վերջին երեք տասնամյակում։ Միևնույն ժամանակ, շատ դժվար է չնկատել այն հանգամանքը, որ այդ ճանապարհն անհնարին կլիներ անցնել առանց այս ոլորտին հավատացողների, մասնակիցների և ջատագովների գործուն ներգրավման։ Նրանցից շատերն այսօր համաժողովի կազմակերպիչների շարքում են։ Այս տարվա խորագիրը՝ «Ներդրում նորարարության մեջ», նույնպես խորհրդանշական է։ Ի վերջո, ի՞նչ է նշանակում ներդրում նորարարության մեջ։ Առաջին հերթին դա ներդրում է մարդու և նրա կարողությունների մեջ, գաղափարները սկզբից մինչև վերջ այս գործնական միջավայրում նպատակին հասցնելու մեջ»,- ասաց նախարարը։
Նա հավելեց, որ ԲՏԱԱԲ նախարարությունը ստանձնել է պարտավորություն՝ լինել հայկական ստարտափների, ոլորտը համակարգող կազմակերպությունների և նորարարների կողքին։
«Այսօրվա փոփոխվող աշխարհում հաջողության են հասնում այն երկրներն ու համակարգերը, որոնք ոչ միայն ստեղծում են տեխնոլոգիական պրոդուկցիա, այլև կարողանում են դա անել ճկուն և արագ։ Այս նախաձեռնությունն ունի մեկ այլ կարևոր խորհուրդ։ Այն կոտրում է երբեմն մտացածին, երբեմն էլ իրական անջրպետներն ու խոչընդոտները, որոնք կան նորարարների ուղեղում՝ կապված Հայաստանի փոքր տարածքի և սահմանների հետ։ Այսպիսի նախաձեռնությունները տալիս են մարդկանց դրական ազդակներ՝ մտածելու, որ եթե նրանք կարող են մի բան ստեղծել այստեղ, ապա նրանց կայուն հիմքը Հայաստանում է, իսկ շուկան ամբողջ աշխարհն է»,- ասաց Թադևոսյանը։
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանն իր հերթին նշեց, որ իրենց միության հստակ նպատակներից մեկը ՀՀ-ի տեխնոլոգիական զարգացումն է և ոչ միայն ոլորտի, այլև ամբողջ տնտեսության զարգացումը։
«Եթե մենք նայենք բոլոր բաղկացուցիչներին, որոնք պետք է նպաստեն այդ զարգացմանը, ապա դրանցից առաջինը, իհարկե, կարող ենք նշել կրթությունը, երկրորդը՝ ստարտափները, երրորդը՝ ներդրումները, չորրորդը՝ պետության և մասնավոր սեկտորի համագործակցությունը, հինգերորդը՝ միջազգային համագործակցությունը։ Այսօր բոլոր այս հինգ հենասյուները կտեսնենք ընթացիկ համաժողովում։ Իզուր չէ, որ մենք հիմա մեր շրջայցը կսկսենք այստեղ ներկայացված ստարտափների տաղավարներից, այնուհետև կանցնենք կրթական հաստատություններին, իսկ հետո կքննարկենք կարևոր հարցերը, որոնք կապված են ապագային միտված տեխնոլոգիական զարգացման հետ։ Այդ համատեքստում կանդրադառնանք նաև միջազգային համագործակցությանը»,- նշեց Բալդրյանը։
Նա ընդգծեց, որ մեր օրերում ցանկացած երկրի տեխնոլոգիական զարգացման հիմքում ընկած է պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը, ուստի հնարավոր չէ առանձնացնել գեթ մեկ պետություն, որի առաջընթացն այդ համագործակցության արդյունքը չէ։
«Մենք ցանկանում ենք Հայաստանում ևս տեսնել նման բարձր կարգի համագործակցություն։ Բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության նախարարությունը սերտորեն աջակցում է մեզ, ուստի ակնկալում ենք, որ այդ համագործակցությունից շատ լուրջ արդյունքներ կլինեն առաջիկա երկու-երեք տարիներին»,- ասաց ՏՀՏԳՄ նախագահը։
Բացման ելույթներից հետո ներկաները շրջեցին համաժողովի տարածքում տեղակայված տաղավարներում, որտեղ հայկական 12 ստարտափները ներկայացնում են իրենց արտադրանքն ու հետաքրքիր գաղափարների մարմնացումը։
Շրջայցից հետո մեկնարկեցին համաժողովի պանելային քննարկումները, որոնց ընթացքում բանախոսները հանդես եկան հետաքրքիր զեկույցներով։
Առաջինը հանդես եկավ X-energy-ի, Intuitive Machines-ի, Axiom Space-ի և Quantum Space-ի գործադիր նախագահ և համահիմնադիր Քամ Ղաֆարիանը։ Նրա զեկույցը կրում էր «Միասին կառուցելով տիեզերական ապագան, դառնանք «միջաստղային»» խորագիրը։
Դոկտոր Ղաֆարիանը տեխնոլոգիական ձեռնարկատեր և ինժեներ է՝ տիեզերական, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ավելի քան 35 տարվա փորձով։ Ծնվել է Իրանում, 18 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ։ X-energy-ի համահիմնադիրն է. ընկերությունը մշակում է միջուկային էներգիայի առաջադեմ տեխնոլոգիաներ։ Նա նաև Axiom Space-ի և Intuitive Machines-ի համահիմնադիրն է։ Իր հիմնադրած Stinger Ghaffarian Technologies-ը՝ տեխնոլոգիական և ինժեներական ծառայությունների ընկերությունը, դարձել է NASA-ի խոշոր կապալառուներից մեկը և 2018 թվականին ձեռք բերվել KBR-ի կողմից։ Նրա գործունեությունն ուղղված է նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը, ինժեներական ներուժի իրացմանը և հավակնոտ գաղափարների վերածմանը մասշտաբային բիզնես նախաձեռնությունների։
Հաջորդիվ զեկույցով հանդես եկավ Monty Mobile-ի գլխավոր գործադիր տնօրեն Հասան Մանսուրը։ Նրա զեկույցը կրում էր «Հրաշալի նորարարություն․ արդյո՞ք դա բավարար է» խորագիրը։ Ընկերությունում նա կարիերան սկսել է 2006 թվականին՝ որպես նորավարտ ինժեներ, իսկ այսօր արդեն ղեկավարում է Monty Mobile-ի միջազգային գրասենյակների գլոբալ թիմերը։
Ընկերությունը գործում է 200-ից ավելի երկրներում և տարածաշրջաններում՝ սպասարկելով հազարավոր բջջային օպերատորների և կորպորատիվ գործընկերների։ Միջազգային շուկաների նկատմամբ նրա մոտեցումը հիմնված է սերտ, երկարաժամկետ հարաբերությունների ստեղծման և ամրապնդման վրա։ Նրա ղեկավարությամբ Monty Mobile-ը շարունակում է ընդլայնել ներկայությունը հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների և ֆինտեքի ոլորտներում՝ կենտրոնանալով գործնական և մասշտաբավորվող լուծումների վրա՝ գլոբալ հաճախորդների համար։
Հաջորդ բանախոսը Լայթ Ալթիմիմեն էր՝ SEMI Europe-ի նախագահը։ Նրա զեկույցը կրում էր «Վերասահմանելով կիսահաղորդիչների ողջ արժեշղթան» խորագիրը։ Նրա պատասխանատվության գոտում են բոլոր նախագծերի ու միջոցառումների շահույթի և վնասի հատվածը, այդ թվում՝ SEMICON Europa-ն, ինչպես նաև ոլորտային ստանդարտների, շահերի պաշտպանության, համայնքի զարգացման և ցուցահանդեսների ուղղությունները։ Նա աշխարհով մեկ SEMI-ի անդամների, ինչպես նաև տեղական ասոցիացիաների և ոլորտի, կառավարության ու ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ հարաբերությունների ստեղծողն ու ամրապնդողն է։ Ալթիմիմեն կիսահաղորդչային արդյունաբերության մեջ ունի ավելի քան 30 տարվա միջազգային փորձ։
Հետաքրքիր զեկույցով հանդես եկավ նաև Ռիկարդո Պինտուն՝ Nokia-ի Եվրոպայի ցանցային ենթակառուցվածքների տեխնիկական տնօրենը։ Նրա զեկույցը կրում էր «Կապից՝ բանականություն․ կառուցելով ԱԲ-հարմարեցված ապագան» խորագիրը։ Նրա գործունեության առանցքը կապի այնպիսի հիմքեր ստեղծելն է, որոնք օգնում են ծառայությունների մատակարարներին, ձեռնարկություններին և ամպային ծառայություններ մատուցող կազմակերպություններին արհեստական բանականության դարաշրջանում։ Նրա աշխատանքն ընդգրկում է IP, օպտիկական, ամպային և տվյալների կենտրոնների ցանցերը՝ բարձր արդյունավետ, անվտանգ և մասշտաբավորվող ենթակառուցվածքներ ապահովելու համար, որոնք կարող են սպասարկել արհեստական բանականության բեռնված կապուղիները, բաշխված հաշվողական համակարգերը և հաջորդ սերնդի թվային ծառայությունները։
Պինտուն հեռահաղորդակցության ոլորտում ունի ավելի քան 25 տարվա փորձ։ Alcatel-ում, Alcatel-Lucent-ում և Nokia-ում զբաղեցրել է տարբեր տեխնիկական, առևտրային և ղեկավար պաշտոններ՝ տեխնիկական աջակցության, նոր արտադրանքի ներդրման, մրցութային առաջարկների կառավարման, բիզնես զարգացման և տեխնիկական վաճառքի ուղղություններով։ Այսօր խորհրդատվություն է տրամադրում հաճախորդներին և ոլորտի շահառուներին արհեստական բանականության դարաշրջանի ցանցերի էվոլյուցիայի վերաբերյալ՝ կենտրոնանալով ավտոմատացման, տվյալների կենտրոնների ցանցերի և հաջորդ սերնդի կապի վրա։
STARMUS-ի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը նույնպես հանդես եկավ զեկույցով, որը կրում էր «Ինչպես է ԱԲ-ն փոխակերպում աստղաֆիզիկան» խորագիրը։ Նրա հետազոտությունները վերաբերում են արտաարեգակնային մոլորակներին ու դրանց մայր աստղերին, զանգվածեղ և մետաղներով աղքատ աստղերին, ինչպես նաև սև խոռոչներ պարունակող երկակի համակարգերին։ Հրապարակել է մոտ 500 հոդված՝ ավելի քան 10 000 մեջբերումով։
1999 թվականին Իսրայելյանի ղեկավարած միջազգային թիմը, օգտագործելով Հավայան կղզիների 10 մետրանոց Keck աստղադիտակի տվյալները, ներկայացրել է առաջին դիտողական ապացույցները, որ գերնոր աստղերի պայթյուններն են առաջացնում աստղային զանգվածի սև խոռոչներ։ 2005 թվականին նա կազմել է աստղերի ներսում առաջացող ձայնային ալիքների գրադարան՝ «Աստղերի ձայները» (Starsounds) նախագիծը, որը դարձել է STARMUS-ի ստեղծման հիմքը. փառատոնը նա համահիմնել է Queen խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյի հետ։
2010 թվականին Իսրայելյանը Միշել Մայորի և Նունու Սանտուշի հետ կիսել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը, 2014 թվականին պարգևատրվել է Կանարյան կղզիների ոսկե մեդալով, իսկ 2016 թվականին նրա անունով կոչվել է 21057 աստերոիդը։
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը
Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը