Չինաստանն աջակցում է Իրանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությանը. Վան Ի

3 րոպեի ընթերցում

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին նոյեմբերի 2-ին Պեկինում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում Վան Ին, նշելով, որ Մերձավոր Արևելքում ներկայիս հակամարտությունը ձգձգվում է և տարածվում այլ տարածաշրջաններում, որպես ստեղծված իրավիճակի կարգավորման միակ ճանապարհ է առանձնացրել երկխոսությունն ու բանակցությունները։ Նա կոչ է արել բոլոր կողմերին պատասխանատվություն ցուցաբերել սեփական ժողովուրդների և պատմության առջև, համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ և ողջամիտ ու գործնական մոտեցմամբ կենտրոնանալ քաղաքական կարգավորման վրա՝ կրկին ուժի կիրառման դիմելու փոխարեն։

Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բոլոր կողմերի հետ՝ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու նպատակով։

Վան Ին նշել է, որ չնայած միջազգային անկայուն և փոփոխվող իրավիճակին՝ Չինաստանի և Իրանի հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ։ «Դա բխում է երկու ժողովուրդների հիմնարար շահերից և համապատասխանում է նաև Գլոբալ հարավի երկրների միասնության ու համագործակցության ձգտումներին։ Չինաստանն աջակցում է Իրանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությանը և պատրաստ է համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Բաղերին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ Իրանի տեսակետներն ու դիրքորոշումը՝ նշելով, որ Թեհրանը վճռական է պաշտպանելու իր անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև դիմակայելու սպառնալիքներին։ Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է բանակցություններ վարել բոլոր կողմերի հետ և ակտիվորեն նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։

Բաղերին բարձր է գնահատել նախագահ Սի Ծինփինի նախաձեռնություններն ու առաջարկները, ինչպես նաև բազմակողմանիության սկզբունքներին հավատարիմ մնալու Չինաստանի հետևողական դիրքորոշումը։ Նա հույս է հայտնել, որ Չինաստանը միջազգային և տարածաշրջանային խաղաղության ապահովման գործում ավելի կարևոր դեր կխաղա։

Հայերեն Русский

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027 թվականի բյուջեն կկազմի 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ

2027-ին նախատեսվում է Խնայբանկի ավանդների փոխհատուցում տրամադրել նաև մինչև 1946 թվականի ավարտը ծնված անձանց

Իրանը Հայաստանին առաջարկել է ստեղծել անդրսահմանային համատեղ խաղաղության և բարեկամության պարկ. Համիդ Զոհրաբի

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կանադայի դեսպանին

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա խոշոր հրդեհ է բռնկվել

Բանաստեղծուհի Աննա Եղոյանը «Տրիգեր» պոետիկ երեկոյով հանդես կգա Երևանում

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով նոր զոհեր են գրանցվել

«ՄանուՖեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում, Արագածոտնի, Լոռու և Սյունիքի մարզերում