Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել
2 րոպեի ընթերցում
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Կոմիտեի տարածած հաղորդագրության՝ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի Կենտրոնի և Նորք Մարաշի ՔԿԱԳ տարածքային բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական և ծառայողական լիազորությունները, քաղաքացու տվյալները մուտքագրելու և վերջինիս նոր ծննդյան վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 100 ԱՄՆ դոլար կաշառք:
Այնուհետև, նույն պաշտոնատար անձը ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2000 ԱՄՆ դոլար կաշառք՝ նույն զինկոմիսարիատի իրավասու պաշտոնատար անձին փոխանցելու նպատակով, սակայն այդ գումարն օգտագործել է անձնական կարիքների համար:
«Բացի այդ, նշված քրեական վարույթի մեկ այլ դրվագով պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության աշխատակիցը շուրջ 64 քմ մակերեսով հողամասը քաղաքացուն օտարելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք:
Այնուհետև նույն աշխատակիցը, մեկ այլ անձի օժանդակությամբ և քաղաքապետարանի պաշտոնյայի հետ նախնական համաձայնությամբ, քաղաքացուն պատկանող՝ սկզբում վարելահողի, իսկ հետագայում որպես պտղատու այգի համարվող հողամասի նկատմամբ իրավական գործընթացներ սկսելու համար 2025 թվականի նոյեմբերին քաղաքացուն ներկայացրել է կաշառք տալու առաջարկ, ով ընդունելով այն՝ խոստացել է տալ 500 ԱՄՆ դոլար կաշառք:
Հետագայում պաշտոնյան դրա փոխարեն պահանջել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն քաղաքացին հրաժարվել է այն տրամադրել, իսկ հողամասի նկատմամբ որևէ գործընթաց չի կատարվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի: Նրանցից 6-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: