Միրզոյանն ու Ռաջին քննարկել են Հայատանի և Լիբանանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության զարգացման հարցեր
1 րոպեի ընթերցում
«Մանամայի երկխոսության» շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից՝ նշելով, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև բարեկամության և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության հետագա զարգացման հարցեր:
Բարձր է գնահատվել բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ արդյունավետ փոխգործակցությունն ու ցուցաբերվող աջակցությունը:
Գերատեսչությունից նշում են, որ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում փոխգործակցության հնարավորություններին:
Նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է առկա խնդիրների հանգուցալուծման հարցում Հայաստանի համերաշխությունը և տարածաշրջանային կայունությանն ուղղված միջազգային ջանքերին աջակցությունը: