Հաջիևն անդրադարձել է Հայաստանի հետ առևտրային կապերին, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը, խաղաղության տնտեսական օգուտներին
3 րոպեի ընթերցում
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաջիևը խոսել է երկկողմ առևտրային հարաբերությունների, հաղորդակցությունների զարգացման և վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։
Նրա խոսքով՝ Բաքուն խաղաղության գործընթացը դիտարկում է նաև Հարավային Կովկասը համագործակցության հարթակի վերածելու համատեքստում։
«Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում նույնպես մենք մի կողմ ենք թողնում պատմական անցյալը։ Կան դեռ չսպիացած վերքեր և հիշողություններ, որոնց վրա չենք կարող աչք փակել։ Սակայն միևնույն ժամանակ մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն։ Երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն արդեն սկսվել են։ Մենք կառուցում ենք կապուղիներ և զարգացնում հաղորդակցությունը»,- ասել է Հաջիևը։
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանին առաջարկում են միանալ տարածաշրջանի հաղորդակցական ցանցին։
«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է։ Մենք Հայաստանին առաջարկում ենք դառնալ մեր տարածաշրջանի հաղորդակցական ցանցին միացած երկիր՝ նրան առաջարկելով կապուղիների զարգացման տարբեր հնարավորություններ»,- հայտարարել է նա։
Էներգետիկ համագործակցության մասին խոսելիս նա հայտնել է, որ Ադրբեջանը նախատեսում է առաջիկա տարիներին ավելացնել վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները։ Նրա ներկայացմամբ՝ մի քանի տարվա ընթացքում նախատեսվում է ունենալ 2 գիգավատ լրացուցիչ հզորություն, իսկ հետագայում՝ արտահանման համար պատրաստ 8 գիգավատ լրացուցիչ հզորություն։
Հաջիևի խոսքով՝ Բաքուն այդ ծրագրերը դիտարկում է նաև Հայաստանի հետ խաղաղաշինության համատեքստում։
«Հիմա պատերազմն ավարտված է, և մենք փորձում ենք ներկայացնել նաև խաղաղության հայեցակարգի տնտեսական օգուտները, ինչպես նաև կանաչ էներգիայի հայեցակարգը՝ խաղաղության դիվիդենտը։ Հուսով ենք, որ կանաչ էներգիան կդառնա այս ռազմավարության մասերից մեկը, այդ թվում՝ Կասպից ծովի երկայնքով»,- նշել է նա։