6 րոպեի ընթերցում
«Հայփոստ»-ը մարեց և շրջանառության մեջ դրեց մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով (COP17)» թեմային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 950 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի լոգոտիպը: Նամականիշի վրա նաև առկա է «Գործելով հանուն բնության» համաժողովի կարգախոսը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Գեղաթերթիկի վրա պատկերված են թիթեռնիկի թևեր, որոնց վրա արտացոլված է Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը։ Գեղաթերթիկի վերևի հատվածում առկա է «ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկի մարումն իրականացրեցին COP17-ի նախագահ, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ողջունելով ներկաներին ընդգծեց, որ նամականիշը փոքր չափերի մեջ մեծ խորհուրդ է կրում։ Այն ներկայացնում է երկիրը, պատմում նրա արժեքների ու կարևոր իրադարձությունների մասին և այդ պատմությունը փոխանցում սերունդներին։
«Այս նամականիշը ևս կդառնա Հայաստանում անցկացվող COP17-ի հիշողության մի մասը՝ խորհրդանշելով բնության պահպանության գործում մեր երկրի հանձնառությունն ու միջազգային համագործակցությունը։
Երևանում ընթացող քննարկումների առանցքում այն գիտակցումն է, որ կենսաբազմազանության պահպանության համար ստանձնած հանձնառությունները պետք է վերածվեն հստակ գործողությունների և տեսանելի արդյունքների։
Հայաստանի հարուստ բնական ժառանգությունն ամեն օր հիշեցնում է մեզ այդ պատասխանատվության մասին։ Վստահ եմ՝ այս նամականիշը, հասնելով աշխարհի տարբեր անկյուններ, իր հետ կտանի նաև Երևանի ուղերձը՝ գործել միասին հանուն բնության և մեկ ընդհանուր ապագայի»- ասաց Մաթևոսյանը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց նամականիշի ստեղծման և թողարկման գործում ներդրում ունեցած բոլոր գործընկերներին՝ այս կարևոր իրադարձությունը մնայուն ձևով արժևորելու համար։
«Նշեմ նաև, որ Մոնրեալում գտնվող մեր քարտուղարությունում՝ տիկին Աստրիդ Շումեյքերի գրասենյակում, աշխարհի տարբեր վայրերից բազմաթիվ նման նամականիշներ կան։ Վստահ եմ՝ այս նամականիշը ևս իր ուրույն տեղը կգտնի քարտուղարությունում»,- եզրափակեց Մաթևոսյանը:
ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը կարևորեց այն, որ այսօր հնարավորություն է ընձեռվել մի պահ կտրվելու աշխատանքային բուռն ընթացքից, միասին հավաքվելու և նշելու այս գեղեցիկ իրադարձությունը։
«Մանկության տարիներին ես շատ ժամանակ էի անցկացնում մայրիկիս կողքին՝ խոհանոցում։ Մենք աշխարհի տարբեր անկյուններից ստացված ծրարներ ունեինք, որոնց վրա շատ գեղեցիկ նամականիշներ կային։ Դրանք թրջում էինք ջրի մեջ, զգուշությամբ առանձնացնում ծրարներից, ապա խնամքով չորացնում։ Գերմանիայի Համբուրգ քաղաքում ապրող փոքրիկ երեխայի համար այդ նամականիշները խորհրդանշում էին կապն աշխարհի մնացած մասի հետ։
Կարծում եմ՝ այսօր էլ նամականիշները հենց այդ խորհուրդն ունեն։ Եվ սա նաև այն գաղափարն է, որի շուրջ համախմբվել ենք այս համաժողովում՝ կապեր հաստատել տարբեր մարդկանց հետ, միավորվել և միասին առաջ շարժվել։ Այս նամականիշն իսկապես շատ գեղեցիկ է։ Եվ այսօր ես բացահայտում եմ հայկական ևս մեկ գեղեցիկ ավանդույթ՝ կարևոր և առանձնահատուկ իրադարձությունների առիթով նամականիշներ թողարկելը»,- ասաց Աստրիդ Շումեյքերը:
Նա նշեց, որ սա ևս մի փոքրիկ, բայց արժեքավոր ժառանգություն է, որը COP համաժողովը կարող է թողնել իրենից հետո։ Տարիներ անց մարդիկ կարող են անդրադառնալ այս ժառանգությանը, հիշել համաժողովը և կրկին արժևորել այդ իրադարձությունը:
«Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանն էլ ուրախությամբ նշեց, որ մեծ պատիվ է թողարկել այս գեղեցիկ նամականիշը, որը ֆիլատելիստական աշխարհում տարվա ամենասպասված թողարկումներից մեկն է. «Բոլորս սպասում էինք այս նամականիշին։ Ուզում եմ ընդգծել, որ նամականիշներ թողարկվում են միայն բացառիկ իրադարձությունների առիթով, և սա հենց այդպիսի օրինակ է։ Այս նամականիշը կշրջի աշխարհով մեկ և կպատմի այս կարևորագույն իրադարձության, դրա շրջանակում ստանձնած հանձնառությունների և առաքելության մասին»։