2 րոպեի ընթերցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, և կսկսվեն հանրային քննարկումներ՝ քաղաքացիների ու խորհրդարանի մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Գառնիկ Դավթյանին։
Վարչապետը հիշեցրել է, որ նոր Սահմանադրության ընդունման հարցը ներառված է եղել իրենց նախընտրական ծրագրում և այժմ նաև կառավարության ծրագրի մաս է։
«Առաջիկայում նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի, և մենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի, այդ թվում՝ խորհրդարանի հետ կսկսենք քննարկումները։ Իհարկե, առաջիկա մի քանի ամիսներին նախ հանրային քննարկում կլինի, հետո ընթացակարգով մնացած գործընթացներն էլ տեղի կունենան»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա միաժամանակ վերահաստատել է, որ Հայաստանը չի պատրաստվում Սահմանադրության հետ կապված հարցերը քննարկել արտաքին սուբյեկտների հետ։
«Մենք ունենք մեր ռազմավարությունը, մենք մեր ռազմավարությունով գնում ենք առաջ։ Եվ մենք, այո, նաև Ադրբեջանին ասում ենք, որ Սահմանադրությունը մեր ներքին գործն է»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի գնահատմամբ՝ Սահմանադրության թեմայով որոշ հայտարարություններ կարող են ներքաղաքական ազդեցություն ունենալ։ Նա ասել է, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե դրանք արվում են Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու համար։
«Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք, որ մենք չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը, և մեզ համար անընդունելի է, որ որոշ շահարկումներ են արվում և սնունդ տալիս մեր հատկապես ընդդիմությանը»,- հայտարարել է Փաշինյանը։