Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին
2 րոպեի ընթերցում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) փոխտնօրեն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ու կասեցման գործողությունների համակարգող Վիկտոր Ավիլային:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարի արդի մեթոդներին, տեղեկատվության օպերատիվ փոխանակման մեխանիզմների կատարելագործմանը և իրավապահ համակարգում իրականացվող ընթացիկ բարեփոխումներին:
Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել ԱՄՆ գործընկերների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով տեխնոլոգիական նորագույն լուծումների և առաջադեմ մեթոդաբանության կիրառման կարևորությունը հանցավորության դեմ պայքարում:
Վիկտոր Ավիլան իր հերթին ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը և իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ու համատեղ ծրագրերի ընդլայնմանը: