3 րոպեի ընթերցում
Բրազիլացի սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն՝ նախկին նախագահ Ժաիր Բոլոսոնարուի որդին, նախագահական ընտրություններում Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային պարտվելուց հետո մեկնել է Միացյալ Նահանգներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երեք աղբյուրի։
Գործակալությունը նաև նշում է, որ Բոլսոնարուն և նրա ընտանիքն ԱՄՆ մուտքի վիզաներ կստանան։
«Պետքարտուղարությունը վիզաներ կտրամադրի Ֆլավիո Բոլսոնարուին և նրա ընտանիքին և թույլ կտա նրանց մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ», - հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան։
Ֆլավիո Բոլսոնարուի, նրա կնոջ և երկու դուստրերի գտնվելու վայրը հայտնի չէ։ Reuters-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ նրանք վայրէջք են կատարել Ֆլորիդայում։
CNN-ի և Washington Post-ի աղբյուրները նույնպես հայտնել են, որ 45-ամյա Բոլսոնարուն ժամանել է Միացյալ Նահանգներ։
Ավելի վաղ Գերագույն դատարանը նրան հրահանգել էր հանձնել անձնագիրը և արգելել էր լքել երկիրը՝ փողերի լվացման մեջ հնարավոր ներգրավվածության պատճառով։ Բոլսոնարուն հերքում է այդ մեղադրանքները։ Նա սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում հայտարարել էր, որ երկիրը լքելու արգելքը միտված է իրեն վախեցնելուն։ Բոլսոնարուն նշել էր, որ երկիրը լքելու մտադրություն չունի։
France 24-ը նշում է, որ Գերագույն դատարանը նաև հրահանգել է հետաքննել Ֆլավիո Բոլսոնարուի քարոզարշավի հնարավոր ֆինանսավորումն արտերկրից, ինչպես նաև օտարերկրյա այլ միջամտությունը, օրինակ՝ սոցիալական ցանցերում «մանիպուլյացիան»։
Բրազիլի նախագահ Լուլա դա Սիլվան Բոլսոնարուի փախուստը երկրից որակել է «ամոթալի»։
«Այն մարդը, որը գաղտագողի հեռանում է երկրից, պետք է որ թաքցնելու ինչ-որ բան ունենա։ Բրազիլից հեռանալու քայլն ամոթալի է», - ասել է Լուլա դա Սիլվան։
2022 թվականի ընտրություններում Ժաիր Բոլսոնարուն էր պարտվել Լուլա դա Սիլվային։ Նա հրաժարվել էր ընդունել պարտությունը և իր մրցակցի երդմնակալությունից առաջ լքել էր երկիրը, այնուհետև երեք ամիս անց վերադարձել։ Այժմ Ժաիր Բոլսոնարուն տնային կալանքի մեջ է 2022 թվականին իր պարտությունից հետո երկրում հեղաշրջման փորձի մեղադրանքներով։