Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ ու վարութային այլ գործողություններ են իրականացվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքում։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ ձերբակալվել է 14 անձ։
«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ձերբակալվածների թվում է նաև Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հայտնել էր Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների շրջանում համատարած խուզարկությունների ու ձերբակալությունների մասին։
Հիշեցնենք, որ Ստեփանավան համայնքում հոկտեմբերի 25-ին անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ստեփանավան համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 4 քաղաքական ուժ՝ «Գործարար» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը, «Հանրապետություն» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարն Արտակ Ալեքսանյանն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արայիկ Ներսիսյանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարն Արսեն Գևորգյանն է։