Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանը նշանակալի ներդրում է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքներում և մեծ ջանքեր է գործադրել համաժողովի ու առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպման համար։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին COP17-ի բացման արարողությանն իր ելույթում նշել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար Աստրիդ Շոմաքերը` ընդգծելով Հայաստանի հյուրընկալությունն ու համաժողովի նախապատրաստական աշխատանքներում երկրի նշանակալի ներդրումը։

«Հայաստանն իր հյուրընկալությունն ապահովում է ամբողջ ծավալով, և ցանկացած մարդ, ով թեկուզ մի քանի ժամ կանցկացնի այստեղ, անմիջապես կզգա ձեր ժողովրդի բարությունն ու ջերմությունը։ Հայաստանի ներդրումը համաժողովի նախապատրաստական աշխատանքներում իսկապես նշանակալի էր։ Հազարավոր մարդիկ են եկել այստեղ՝ COP17-ի շրջանակում»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ համաժողովը ցույց է տալիս, որ բազմակողմ համագործակցությունը շարունակում է գործել՝ չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը և խորացող կլիմայական ճգնաժամին։

Աստրիդ Շոմաքերն ընդգծել է, որ առաջնորդների գագաթնաժողովը ևս մեկ անգամ ի ցույց է դրել կենսաբազմազանության կորստի խնդրի կարևորությունը, իսկ առաջիկա օրերին նախատեսվող առաջընթացի գլոբալ ուսումնասիրությունը առանցքային նշանակություն կունենա։

«Կոնվենցիայի շրջանակում COP համաժողովի կազմակերպումը փոքր առաջադրանք չէ։ Հայաստանը ջանասիրության շնորհիվ հաղթահարել է այդ մարտահրավերը, և դրա արդյունքները մենք տեսնում ենք այստեղ»,- նշել է Շոմաքերը:

Հայերեն English Русский