Մեծ Բրիտանիան շուրջ 22 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման համար
2 րոպեի ընթերցում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ 17 միլիոն ֆունտ ստեռլինգ (22,45 միլիոն դոլար) կտրամադրի Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման համար, որը վնասվել էր 2025 թվականին ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
Կառավարությունը հայտնել է, որ միջոցները կուղղվեն կառույցի փակման և օդափոխման գործառույթների վերականգնման համար անհրաժեշտ կարևոր վերանորոգման աշխատանքներին և կպաշտպանեն կայանի նախատեսված շահագործման ժամկետը։
«Մինչ (ՌԴ նախագահ) Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ներխուժումը շարունակվում է, ուկրաինացի ժողովրդի հանդեպ մեր հանձնառությունն անսասան է», - մեջբերվում է հաղորդագրության մեջ Գանձապետարանի կանցլեր, խորհրդարանի անդամ Ջոն Հիլիի խոսքը։
Իր հերթին, արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը նշել է, որ Պուտինին ուղղված ուղերձը հստակ է, և որ Մեծ Բրիտանիան կանգնած է Ուկրաինայի կողքին և այդպես կշարունակի մինչև նրանց հաղթանակը։
Այսպիսով, ըստ հաղորդագրության, Մեծ Բրիտանիան միանում է G7-ի գործընկերների միջազգային ֆինանսավորման փաթեթին, որը «կաջակցի Ուկրաինայի միջուկային անվտանգությանը ռուսական շարունակական ագրեսիայի պայմաններում»:
2025 թվականին ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածը վնասել է ատոմակայանի պաշտպանիչ ապաստարանը:
Չեռնոբիլի ատոմակայանում 1986 թվականին տեղի է ունեցել աշխարհի ամենասարսափելի ատոմային վթարը․ զոհվել են տասնյակ մարդիկ, շրջակա միջավայր են արտանետվել մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։