Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին
1 րոպեի ընթերցում

Սարատովի մարզում գտնվող «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, հայտնել է ընկերության վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք հաստատում ենք (խմբ.՝ ԱԹՍ-ների հարձակման փաստը)։ Միևնույն ժամանակ, «Սբերբանկի» բոլոր համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով՝ առանց խափանումների», - ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ենթակառուցվածքը վնասվել է։
Հոկտեմբերի 14-ի առավոտյան մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել էր Բալակովո քաղաքի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին։ Վնասվել են բնակելի շենքեր։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է։
Անցյալ շաբաթ ուկրաինական ուժերի հարվածների հետևանքով վնասներ էին կրել նաև «Յանդեքս» ընկերության տվյալների մշակման կենտրոնները Սասովոյում և Կալուգայում, իսկ Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնն ամբողջությամբ դադարեցրել էր աշխատանքը։ Այս վնասների պատճառով ընկերության բազմաթիվ ծառայություններում խափանումներ էին առաջացել։