Եվրոպա

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

2 րոպեի ընթերցում

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

«Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» ստորջրյա գազատարների պայթյուններից չորս տարի անց Գերմանիայում սկսվել է դատավարություն մի գործով, որը համարվում է երկրի հետպատերազմյան պատմության մեջ ամենամեծ դիվերսիոն գործողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։ 

Հոկտեմբերի 14-ին Ուկրաինայի 50-ամյա քաղաքացի, նախկին զինվորական Սերգեյ Կ.-ն (նրա ազգանունը գաղտնի է պահվում Գերմանիայի տվյալների պաշտպանության օրենքների համաձայն) ներկայացել է Համբուրգի Հանզեատյան Բարձրագույն շրջանային դատարան: Պաշտպան Ջես Մայեր-Լոխկամպի խոսքով՝ մեղադրյալը կհրաժարվի գործի էության վերաբերյալ ցուցմունք տալուց։ Բացի այդ, նա մտադիր է միջնորդել վարույթը կարճելու մասին։  

Հետաքննիչների տվյալներով՝ ուկրաինացի նախկին զինծառայող Կ.-ն ղեկավարել է դիվերսանտների խումբ, որի մեջ էին մտնում պրոֆեսիոնալ ջրասուզորդներ, պայթուցիկների մասնագետ և նավապետ։

2022 թվականի սեպտեմբերի 26-ին նրանք այցելել են դանիական Բորնհոլմ կղզու մոտ գտնվող գազատարների մի հատված և պայթեցրել Ռուսաստանից Գերմանիա տանող խողովակները, որոնք անցնում էին Բալթիկ ծովի հատակով։ 80 մետր խորության վրա տեղի ունեցած չորս պայթյունները վնասել են «Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերը. դրանից մեկ ամիս առաջ Ռուսաստանը դադարեցրել էր այդ գծերով մատակարարումները։

Վնասվել էր նաև «Հյուսիսային հոսք 2»-ի երկու գծերից մեկը, որը երբեք չի շահագործման հանձնվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալման պատճառով։

Ըստ հրապարակման` Գերմանիան կարծում է, որ Ուկրաինան է կանգնած «Հյուսիսային հոսքեր»-ի պայթյունի հետևում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կտրականապես հերքում է Կիևի մասնակցությունը դիվերսիային։

Սերգեյ Կ.-ն ձերբակալվել է Իտալիայում հանգստանալիս 2025 թվականին և արտահանձնվել Գերմանիային։ Նրան մեղադրում են ռազմական հանցագործության մասնակցության, կենսապահովման համակարգերի խափանման, պայթյուն կազմակերպելու և կառույցների ոչնչացման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում