Սառնաղբյուրում բացվել է երիտասարդական տարածք

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում հանդիսավորությամբ բացվել է երիտասարդական տարածք, որը նոր հնարավորություններ կստեղծի երիտասարդների ինքնադրսևորման, հմտությունների զարգացման և նոր նախաձեռնությունների իրականացման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տարածքը ստեղծվել է Անիի համայնքապետարանի և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակում։

Նորաբաց տարածքում երիտասարդները կկարողանան զարգացնել իրենց հմտություններն ու կարողությունները, առաջ քաշել և կյանքի կոչել նոր գաղափարներ, փոխանակվել փորձով, ձևավորել համագործակցություններ և առավել ակտիվ մասնակցել համայնքի հասարակական կյանքին։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է երիտասարդների դերակատարումը համայնքների զարգացման գործում՝ ընդգծելով, որ նման միջավայրերի ստեղծումը նպաստում է համայնքային կյանքի աշխուժացմանը, նոր գաղափարների առաջմղմանը և երիտասարդների ներուժի բացահայտմանը։ Նրա խոսքով՝ նորաբաց տարածքը կդառնա գաղափարների, համագործակցության և համայնքային նախաձեռնությունների ձևավորման կարևոր հարթակ։

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ևս ընդգծել է երիտասարդների կարևոր դերը համայնքի զարգացման գործում՝ նշելով, որ համայնքապետարանի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են երիտասարդներին առնչվող հարցերը։

«Երիտասարդական տարածքի բացումը Սառնաղբյուրում պատահական չէր։ Սա համայնքի ամենամեծ բնակավայրն է և մշտապես աչքի է ընկել տարբեր ոլորտներում իր ակտիվությամբ։ Սակայն այս տարածքի բացումը չի նշանակում, որ այն նախատեսված է միայն սառնաղբյուրցի երիտասարդների համար։ Այստեղ կարող են համախմբվել նաև մյուս բնակավայրերի նախաձեռնող երիտասարդները՝ համատեղ ծրագրեր իրականացնելու և համայնքի զարգացմանն իրենց ներդրումն ունենալու նպատակով»,-ասել է Արման Սարիբեկյանը։

Տարածքի բացման կարևորությունն ընդգծել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ կարևոր իրադարձությունն իրենց հետ կիսելու համար։ Նա նշել է, որ երիտասարդական տարածքները ոչ միայն ինքնադրսևորման և զարգացման, այլև մարդկային կապիտալի զարգացման ու համայնքների առաջընթացի կարևոր հարթակներ են։

«Մեծ ուրախությամբ Սառնաղբյուրում ազդարարում ենք մեր կազմակերպության կողմից ստեղծվող հերթական երիտասարդական միջավայրի գործունեության մեկնարկը։ Մեզ համար սա պարզապես նոր տարածք չէ, այլ կարևոր ներդրում համայնքի մարդկային կապիտալի զարգացման և երիտասարդների ներուժի բացահայտման գործում»,-նշել է Արթուր Նաջարյանը։

Միջոցառումն ուղեկցվել է նաև մշակութային կատարումներով։ Հյուրերի համար ելույթ են ունեցել Մարալիկի երաժշտական դպրոցի սաները։

Հայերեն

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ

Փաշինյանը նպատակ է դրել մինչև 2031 թվականը հասնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Կառավարությունը ՀԷՑ-ը նախատեսում է հանձնել համաշխարհային առաջատար ընկերության կամ ընկերությունների խմբի կառավարման

Մեծ Բրիտանիան շուրջ 22 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման համար

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Չինաստանը և Հյուսիսային Կորեան պաշտոնապես բացել են երթևեկությունը նոր անդրսահմանային կամրջով