Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր պատկերացումը, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը խոսել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։ Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք։ Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ։ Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն։
Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում, բայց ոչ միայն ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում։ Բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերում՝ ներառյալ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ։
«Հիմա հաջորդ և, թերևս, ամենակարևոր հարցը՝ արդյոք կա՞ իրական հնարավորություն խաղաղությանն այսպիսի տեսք տալու։ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունը իրագործելով, այդ հնարավորությունը իրականություն դարձնելով»,- ասել է Փաշինյանը։