Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան
3 րոպեի ընթերցում
Հայաստանի իշխանություններն առաջիկայում պետք է կենտրոնանան Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ ես խոսեցի այն պատմության մասին, որը մենք միասին պետք է կերտենք, և շատ կարևոր է արձանագրել, թե դա ինչպես պետք է տեղի ունենա։ Իմ պատկերացումը հետևյալն է՝ առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա։ Եվ, երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը»,- ասել է Փաշինյանը։
Հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արել էր հետևյալ գրառումը.
«Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։
Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել։
Կամ եթե նույնիսկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու և այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։
Ի՞նչ անել ուրեմն։
Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետեւ այն ստեղծվում է հիմա և պետք է ստեղծվի վաղը։
Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում։ Դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել և ինչ չանել պատմությունը չկրկնելու համար։
Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել և թերևս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող։
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։ Իսկ պետք է տեղի ունենա հարատեւ պետության ռազմավարության իրագործումը, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի տեսլականով։
Ովքեր կիսում են Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ են աշխատում, աշխատանքի են հաճախում այս տեսլականով։ Լավ օր բոլորիդ»։