1 րոպեի ընթերցում
Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով ստացել է 317 մլն եվրո՝ պաշտպանության և անվտանգության ամրապնդման նպատակով՝ դառնալով Ուկրաինայից հետո այս մեխանիզմի շրջանակում ամենամեծ աջակցությունը ստացած երկիրը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը Քիշնևում անվտանգության հարցերին նվիրված սեմինարի ընթացքում։ Միջոցառումը կազմակերպվել էր Մոլդովայի խորհրդարանի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համագործակցությամբ։
Կուբիլիուսի խոսքով՝ հատկացված գումարից 120 մլն եվրոն նախատեսված է հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Աջակցությունը ներառում է նաև հիբրիդային սպառնալիքներին արձագանքելու և ռազմական հարցերով փորձագիտական աջակցություն, ինչպես նաև պետական կառույցների, այդ թվում՝ 2025 թվականի աշնանը ստեղծված Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի կարողությունների ամրապնդում։
ԵՄ հանձնակատարը Մոլդովան բնութագրել է որպես արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում սերտ գործընկեր՝ ընդգծելով, որ երկիրը կարող է շարունակել ապավինել Եվրամիության աջակցությանը։