Հայաստան

ՊՎԾ-ն բացահայտել է գոյություն չունեցող կազմակերպությունների մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի գնման ընթացակարգերի խափանման դեպքեր

3 րոպեի ընթերցում

ՊՎԾ-ն բացահայտել է գոյություն չունեցող կազմակերպությունների մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի գնման ընթացակարգերի խափանման դեպքեր

Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը 2026 թվականի առաջին ինն ամիսներին բացահայտել է փաստացի գոյություն չունեցող կազմակերպությունների մասնակցությամբ 80 գնման ընթացակարգերի խափանման դեպքեր։ Ընթացակարգերի ընդհանուր գնման արժեքը կազմել է 3,2 մլրդ դրամ։ Ծառայության ներկայացրած հաղորդումների հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը՝ ամփոփելով գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։

«Այդ ընթացակարգերում, ըստ Ծառայության արձանագրած տվյալների, փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ համակարգում ներկայացրել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և ճանաչվել առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ։ Հետագայում, չկնքելով գնման պայմանագրեր՝ նրանք խափանել են գնման ընթացակարգերը՝ պատվիրատուներին և մյուս մասնակիցներին պատճառելով առանձնապես խոշոր չափի վնասներ։ Նշված դեպքերի վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հանցագործության մասին 4 հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հաշվետու ժամանակահատվածում Ծառայությունն ուսումնասիրել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների օրենսդրության պահանջների անհամապատասխանություններ։

Մասնավորապես՝ 110 ընթացակարգում հայտնաբերվել են օրենսդրությանը հակասող կամ խտրական պայմաններ և պահանջներ պարունակող տեխնիկական բնութագրերով հրավերներ։ Խնդիրները շտկելու նպատակով պատվիրատուներին ներկայացվել են առաջարկություններ։

Բացահայտվել է նաև երկու տնտեսվարողի մասնակցության դեպք, որոնք փոխկապակցված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների հետ։ Դրանցից մեկի դեպքում պատվիրատուն միակողմանիորեն լուծել է կնքված պայմանագիրը։

Պարտադիր հրապարակման ենթակա նյութերը չհրապարակելու կամ թերի հրապարակելու 38 դեպքի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել 29 պատվիրատուի։ Արդյունքում ինը պատասխանատու անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։

Արձանագրվել են նաև ինքնարժեքից առերևույթ ցածր գնային առաջարկներ ներկայացնելու և հաղթող ճանաչվելու չորս դեպքեր։ Երկու տնտեսվարողի գործողությունների վերաբերյալ Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Եվս երկու տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ ուսումնասիրության նպատակով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում