ՀՀ-ն արդեն եղել է նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել. Փաշինյանն արձագանքեց Մեդվեդևի հայտարարությանը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչու է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարում, թե ամենասարսափելին այն է, որ «Հայաստանը վերածվի նոր Ուկրաինայի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Հայաստանն արդեն եղել է նման վտանգի առջև և նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները Հայաստանի առջև չկատարեց։ Ինչո՞ւ է անում պարոն Մեդվեդևը նման արտահայտություն։ Կարող է նաև հնչել այսպիսի հայտարարություն, որ Հայաստանը հանկարծ չվերածվի նոր Ռուսաստանի, որովհետև Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում․․․ Դա լավ ժանր չէ։ Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության 3-րդ նախագահ, անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով Հայաստանի մասին, հայտարարել էր՝ ամենասարսափելին այն է, որ Հայաստանը վերածվի նոր Ուկրաինայի։