2 րոպեի ընթերցում
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ներկայումս Հորմուզի նեղուցով իրականացվում է առևտրային նավերի երթևեկություն։ Մասնավորապես, դրանք տեղափոխում են առևտրային բեռներ և էներգակիրներ, այդ թվում՝ օրական 20 մլն բարել նավթահումք։
«Միացյալ Նահանգները և նրա տարածաշրջանային գործընկերներն ամբողջությամբ վերահսկում են նեղուցը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է X-ում հրամանատարության հայտարարության մեջ։
Հրամանատարությունը սուտ է անվանել պնդումը, որն ավելի վաղ արել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալը, թե «Հորմուզի նեղուցը փակ է», և իր երկիրը «լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ»։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի քաղաքական հարցերով հրամանատարի տեղակալ Ալի Մոհամադին հերքել էր ԱՄՆ նախագահի պնդումները Հորմուզի նեղուցով նավթի և նավերի տեղաշարժի վերաբերյալ։
«Եթե նավթն ու նավերն իսկապես անցնում են Հորմուզի նեղուցով, ինչո՞ւ նավթի շուկան համապատասխան կերպով չի արձագանքում։ Որովհետև շուկան նույնպես հասկանում է, որ դուք ստում եք»,- IRNA-ի փոխանցմամբ, նշել էր Մոհամադին։
Նա նաև հերքել էր ԱՄՆ-ի պնդումներն այն մասին, թե ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ոչնչացվել են: