Վարչապետն անդրադարձել է ապագայում երկաթուղին մինչև Կապան հասցնելու հեռանկարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է ապագայում երկաթուղին մինչև Կապան հասցնելու հեռանկարը՝ ընդգծելով դրա նշանակությունը Սյունիքի արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։ Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանի ներպետական անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու ուղղությամբ։

«Ես համոզված եմ, որ ապագայի ինչ-որ մի պահին մենք կանդրադառնանք նաև մինչև Կապան երկաթուղին հասցնելու թեմային, որովհետև դուք գիտեք՝ խորհրդային ժամանակներում գործել է, բայց Ադրբեջանի տարածքով։ Այսինքն՝ Մեղրիից մի հատ էլ մտել է նորից Ադրբեջան, նոր Ադրբեջանից մտել է Կապան։ Եվ սա շատ կարևոր է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության տեսակետից, Կապանի լեռնահարստացման կոմբինատի գործունեության տեսակետից և հատկապես հաշվի առնելով ավտոճանապարհների բեռնվածությունը, գերբեռնվածությունը և խցանումները։ Սա կարևոր նախագիծ է, որ մենք պետք է իրագործենք»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը Կապան երկաթուղին հասցնելու հարցին ապագայում անդրադառնալու հեռանկարը կապել է խաղաղության ինստիտուցիոնալացման և նաև սոցիալ-հոգեբանական մակարդակում խաղաղության հաստատման հետ։

Փաշինյանի խոսքով՝ ներկայում խոսքը Մեղրիով անցնող՝ խորհրդային ժամանակների երկաթգծի վերականգնման մասին է։ Նա ընդգծել է, որ Հայաստանի համար ԹՐԻՓՓ նախագծի կարևոր նպատակներից մեկը երկրի հյուսիսային և հարավային հատվածների միջև երկաթուղային հաղորդակցության ապահովումն է՝ Ադրբեջանի, մասնավորապես՝ Նախիջևանի տարածքով։

Վարչապետը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի տարածքով երկաթուղին Հայաստանի համար բացվելուց հետո արդեն ներմուծումներ են իրականացվել, և առկա են նաև արտահանման հնարավորություններ։

 

Հայերեն English Español Русский