Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում
3 րոպեի ընթերցում
Paramount Skydance-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլար արժողությամբ միաձուլման արդյունքում, որը, ինչպես նախատեսվում է, էապես կվերափոխի Հոլիվուդն ու ԱՄՆ մեդիա լանդշաֆտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Գործարքը, որով Լոս Անջելեսի երկու խոշորագույն ստուդիաները միավորվում են, տեղի է ունենում ամիսներ տևած իրավական վեճերից և լայնածավալ քննադատությունից հետո։ Քննադատները մտավախություն են հայտնել, որ աշխատատեղերի կրճատումներն ու ոլորտի կենտրոնացումը կարող են վնասել մրցակցությունը և սպառողներին։
Ըստ հրապարակման՝ գործարքը կփոխի միլիոնավոր մարդկանց համար հոսքային ծառայությունները, սկիզբ կդնի կինոյի և հեռուստատեսության ոլորտի նոր փուլի և անորոշություն կստեղծի ԱՄՆ-ի խոշորագույն լրատվամիջոցներից մեկի՝ CNN-ի ապագայի շուրջ։
Միաձուլման արդյունքում մեկ կառույցի ներքո կհայտնվեն նաև HBO-ն, CBS-ը, Nickelodeon-ը, Showtime-ը, Comedy Central-ը, DC Studios-ը և Food Network-ը։
Paramount-ը կստանա այնպիսի հայտնի ֆրանշիզաների սեփականության իրավունքը, ինչպիսիք են «Հարի Փոթերը», «Գահերի խաղը», «Մատանիների տիրակալը» և «Առաքելությունն անիրագործելի է»։
Նոր միավորված հսկան կվերանվանվի Skydance Corporation՝ այն ընկերության անվամբ, որն ի սկզբանե հիմնադրել էր Դեյվիդ Էլիսոնը՝ նախքան Paramount-ի և Warner Bros. Discovery-ի նկատմամբ վերահսկողություն ստանձնելը։
Skydance-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էլիսոնը գործարքի ավարտը անվանել է կինոարդյունաբերության համար «պատմական» իրադարձություն։
«Հենց սկզբից մեր նպատակն էր միավորել այս երկու հեղինակավոր ստուդիաները և ստեղծել ավելի ուժեղ մրցակից՝ տաղանդով, ռեսուրսներով և հնարավորություններով՝ յուրաքանչյուր ժանրում, յուրաքանչյուր հարթակում և աշխարհի ցանկացած վայրում գտնվող հանդիսատեսի համար հիանալի պատմություններ պատմելու համար։ Այժմ այդ նպատակն իրականություն է դարձել», - ասել է նա։
Սկզբում Netflix-ն էր պայմանավորվածություն ձեռք բերել Warner Bros. Discovery-ի մի մասը գնելու վերաբերյալ, սակայն Paramount Skydance-ը պայքար սկսեց, ինչի արդյունքում սթրիմինգային հսկան հրաժարվեց գործարքից։