Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

3 րոպեի ընթերցում

Ճարտարապետության համաշխարհային օրը Հայաստանի ճարտարապետների պալատում նշվել է ճարտարապետների պարգևատրմամբ և ցուցահանդեսի բացմամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև ճարտարապետներ և ուսանողներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, շնորհավորելով ճարտարապետներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրի ներդրման համար։ «Այս օրը լավագույն առիթն է արժևորելու «ժամանակի հետ երկխոսողներին», քանի որ այն, ինչ ստեղծվում է ճարտարապետական մտքի արդյունքում, դառնում է մեր պատմությունը, ձևավորում մեր այսօրվա և վաղվա միջավայրը»,-նշել է Եղիազար Վարդանյանը: Նրա դիտարկմամբ՝ այսօր աշխարհում ճարտարապետական օրակարգի առանցքում են մարդակենտրոնությունը, կանաչ ճարտարապետությունը, թվային տեխնոլոգիաների ինտեգրումը։

«Այս միտումներին համահունչ Քաղաքաշինության կոմիտեն նախանշում է առաջնահերթությունների օրակարգ, որն իրագործելու համար անհրաժեշտ են մրցունակ գաղափարներ առաջարկող և արդի թվային տեխնոլոգիաներին տիրապետող ճարտարապետներ»,-ընդգծել է կոմիտեի նախագահը, այնուհետև մասնագիտական տոնի առթիվ մի խումբ ճարտարապետների շնորհել կոմիտեի «Ալեքսանդր Թամանյան», «Մոմիկ ճարտարապետ», «Տրդատ ճարտարապետ», «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ և շնորհակալագրեր։

Ճարտարապետներին շնորհավորել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը՝ հանձնելով համապատասխանաբար ԿԳՄՍՆ մեդալ և Երևանի քաղաքապետի պատվոգիր։

Մեդալ շնորհելու հնարավորություն է ունի արդեն նաև Հայաստանի ճարտարապետների պալատը։ Պալատի առաջին մեդալները ստացել են վաստակավոր ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Հրաչիկ Պողոսյանը, Մկրտիչ Մինասյանը և Աշոտ Ալեքսանյանը։ Պարգևները հանձնել է Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։

Գործընկերներին շնորհավորել է նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը։

Ճարտարապետների տոնը հատկանշվել է Հայաստանի ճարտարապետների պալատի կազմակերպած «Հուշարձաններ և քաղաքային բնապատկերներ» խորագրով ճարտարապետների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ։

Ճարտարապետության համաշխարհային օրը յուրաքանչյուր տարի նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։

Հայերեն

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում. Ռուբիո

Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը

Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով

Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP

Վաշինգտոնի և Թեհրանի միջև շփումներ ու այցելություններ են ընթանում. Կատարի ԱԳՆ

ՀՀ ՏԿԵ նախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ներկայացուցիչները քննարկել են մի շարք հարցեր

Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել

Հայաստանի մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ