Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտե
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետների վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառույցի տարածած հայտարարության մեջ նշված է․
«Մինչև 2021 թվականն օդային լուսանկարի իրականացումը կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման համար վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։
Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր, և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից: Այդ մասին պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)»,– հայտնում են Կադաստրի կոմիտեից՝ քաղաքացիներին հորդորելով սկսել գործընթացը ժամանակին՝ հերթերից և ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով։