1 րոպեի ընթերցում
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմը մեծարել է համայնքի երկու ամենատարեց կանանց՝ 100-ամյա Ասյա Հակոբյանին և 104-ամյա Ռոզա Գասպարյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և համայնքապետարանի ներկայացուցիչներն այցելել են երկու կանանց, հանձնել համայնքապետարանի կողմից պատրաստված նվերները և ջերմ զրույց ունեցել նրանց հետ՝ մաղթելով առողջություն, երկարակեցություն և խաղաղ օրեր։
«Ասյա Հակոբյանը մասնագիտությամբ մանկավարժ է։ Նա տասնամյակներ շարունակ Մարտունի քաղաքում կրթել ու դաստիարակել է բազմաթիվ սերունդների։ Նրա նախկին աշակերտները մինչ օրս սիրով ու ակնածանքով են հիշում իրենց ուսուցչուհուն։
Ռոզա Գասպարյանը եղել է տնային տնտեսուհի, աշխատել է նաև Մադինայի կոլտնտեսությունում։ Այսօր նա վայելում է իր ընտանիքի՝ զավակների, թոռների և ծոռների շրջապատում անցկացվող խաղաղ ու երջանիկ ծերությունն․ ունի 7 երեխա, 16 թոռ, 42 թոռի երեխա և 21 թոռի թոռ»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։