ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Patriot հակաօդային պաշտպանության համալիրի երկու լրացուցիչ հրթիռային մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար՝ այս երկրներում նավթագազային օբյեկտները պաշտպանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ սեպտեմբերին ԱՄՆ զինված ուժերը Patriot համակարգի մեկ մարտկոց են ուղարկել Սաուդյան Արաբիա՝ նավթային կարևորագույն օբյեկտի պաշտպանության համար։ Եվս մեկ մարտկոց ուղարկվել է Կատար՝ գազային օբյեկտի պաշտպանության համար։

Axios-ը նշում է, որ դրանով ԱՄՆ-ն ցանկացել է երկու դաշնակիցներին վստահեցնել այն հարցում, որ իրենք կպաշտպանեն նրանց առանցքային էներգետիկ օբյեկտները, եթե նախագահ Դոնալդ Թրամփը որոշի վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները։

Axios-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, նաև հաղորդում է, որ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը և դրա հարվածային խումբը սեպտեմբերի 27-ին դուրս են եկել Սան Դիեգոյից և ուղղություն վերցրել դեպի Մերձավոր Արևելք։ Ակնկալվում է, որ նրանք տարածաշրջան կժամանեն մոտավորապես նոյեմբերի կեսերին։

Ընդգծվում է, որ «Թեոդոր Ռուզվելտ»-ը կմիանա «Ջորջ Բուշ» ավիակրին, որը տարածաշրջանում է գտնվում մարտից, և «Ջորջ Վաշինգտոն» ավիակրին, որն ամռանը տեղափոխվել է Ճապոնիայից և արդեն տարածքաշրջանում է գտնվում շուրջ մեկ ամիս։

«Դա նշանակում է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում կարող է գտնվել մինչև երեք ավիակրային հարվածային խումբ։ Սա անհամեմատ ավելի շատ է կրակային հզորության տեսակետից», - հարթակին ասել է աղբյուրը։

Հայերեն Русский