4 րոպեի ընթերցում
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վանաձորում և Իջևանում ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի ֆուտբոլի մարզադաշտերի կառուցման նախագծերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզադաշտերը, ըստ նախատեսվածի, պետք է պատրաստ լինեն մինչև 2028 թվականի ավարտը՝ Հայաստանում և Վրաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությանն ընդառաջ։
Կառավարության նիստում որոշումը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հիշեցրեց, որ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցելու է 24 թիմ։
«Ընդհանուր առմամբ անցկացվելու է 52 հանդիպում, որոնց կեսը՝ Հայաստանում։ Նախատեսվում է Երևանում կազմակերպել 15-17, իսկ Իջևանում և Վանաձորում՝ ընդհանուր առմամբ 9-11 հանդիպում։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի՝ առնվազն 10 հազար նստատեղով մարզադաշտեր»,-ասել է Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ առաջնությունը նախատեսվում է անցկացնել 2029 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ միջազգային պահանջներով մարզադաշտերը պետք է պատրաստ լինեն առնվազն վեց ամիս առաջ։ Հետևաբար, դրանք պետք է շահագործման հանձնված և հավաստագրված լինեն մինչև 2029 թվականի մարտը։
«Այս պահի դրությամբ մենք ունենք 30 ամիս»,-նշեց նախարարը։
Նա պարզաբանեց, որ այդ ընթացքում անհրաժեշտ է վերջնականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերը, անցկացնել փորձաքննությունները և իրականացնել կառուցման ու վերակառուցման աշխատանքները։ Ժամկետների սահմանափակմամբ է պայմանավորված գնումը հրատապ ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտությունը։
Շինարարական աշխատանքների վերաբերյալ բանակցություններն անցկացվել են մարզադաշտերի նախագծումն իրականացնող «ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերության հետ, որն ունի նման մարզադաշտերի նախագծման միջազգային փորձ։ Ընկերությունն առաջարկել է աշխատանքներն իրականացնել 24 ամսվա ընթացքում։
«Վանաձորում խոսքը գնում է վերակառուցման մասին, Իջևանում՝ խոսքը զրոյից կառուցման մասին է»,-ասաց Անդրեասյանը։
Նախարարի ներկայացմամբ՝ աշխատանքներն այժմ մեկնարկելու դեպքում հնարավոր կլինի երկու մարզադաշտերն էլ պատրաստ ունենալ 2028 թվականի ավարտին։ Որոշման ընդունումից հետո նախատեսվում է մեկ ամսվա ընթացքում ավարտին հասցնել նաև պայմանագրի ստորագրումը։
Իջևանի մարզադաշտի համար ընկերությունն առաջարկել է կիրառել SPS կոմպոզիտային տեռասավորման տեխնոլոգիա։ Անդրեասյանի խոսքով՝ դրա կիրառումը հնարավորություն կտա կրճատել կառուցման ժամանակը և տեղում իրականացվող աշխատանքների ծավալը։ Ծրագրի ընթացքում ՈՒԵՖԱ-ն տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն։
Որոշմամբ սահմանվում են նաև գնումների կազմակերպման, պայմանագրի և որակավորման ապահովման, ընկերության գործակալական վճարի, նյութերի ու ապրանքատեսակների գնորոշման և ավարտական ակտի դիմաց վճարման առանձնահատկություններ։
Անդրեասյանը նշեց, որ որոշ դեպքերում նախատեսվել են օրենսդրությամբ սահմանվածից ավելի խիստ պայմաններ։ Մասնավորապես, պայմանագրի գնի 5 տոկոսի չափով պահված գումարի միայն կեսը կվճարվի ավարտական ակտը ստորագրելուց հետո, իսկ մյուս կեսը՝ երաշխիքային սպասարկման ժամկետի ավարտից հետո։
Որոշման հիմնավորման համաձայն՝ ընկերության ընդհանուր գնային առաջարկը կազմում է շուրջ 52,2 միլիոն եվրո՝ առանց ԱԱՀ-ի, ներմուծման հարկերի և տուրքերի։ Այդ գումարից շուրջ 49,7 միլիոն եվրոն կազմում է երկու մարզադաշտերի համար համաձայնեցված պայմանագրի գինը, իսկ շուրջ 2,5 միլիոն եվրոն՝ նյութերի գնի հնարավոր փոփոխության պահուստը։ Վանաձորի մարզադաշտի համար համաձայնեցված գինը 22,55 միլիոն եվրո է, իսկ Իջևանի համար՝ շուրջ 27,17 միլիոն եվրո։
Նախարարն ընդգծեց, որ մարզադաշտերը կծառայեն ոչ միայն աշխարհի երիտասարդական առաջնության անցկացմանը, այլև հետագայում կարևոր ենթակառուցվածքներ կդառնան սպորտի և համապատասխան համայնքների զարգացման համար։