ՊԵԿ-հանրություն երկխոսություն. քննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծեր
5 րոպեի ընթերցում
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: ՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էր:
Նիստին մասնակցել են Հասարակական խորհրդի անդամները, ՊԵԿ նախագահի տեղակալը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Էդուարդ Հակոբյանը կարևորել է երկխոսության հարթակում արձանագրված ցուցանիշներին շարունակական անդրադարձը, հիմնավորված առաջարկների ներկայացումը, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնությունների համաձայնեցումը՝ Խորհրդի անդամների հետ։ Անդրադարձ է եղել նաև հարկային համակարգի, մասնավորապես, վարչարարության փոփոխություններին՝ կարևորելով փոփոխություններին ուղղված Խորհրդի անդամների և հարկ վճարողների առաջարկներն ու դիտարկումները։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել 2026 թ․ հունվար-օգոստոս ամիսների պետական բյուջեի եկամուտներին՝ հավաքագրվող եկամուտների վրա վարչարարության ազդեցության համատեքստում։ Մասնավորապես, հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել են 2 տրլն 27.1 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 257.8 մլրդ դրամով կամ շուրջ 14.6%-ով: Իսկ միևնույն ժամանակահատվածում հարկ վճարողներին վերադարձվել է 218.4 մլրդ դրամի չափով գումար, ինչը նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ ավելի է 24.6 մլրդ դրամով կամ 12.7%-ով: Նախորդ տարվա ութ ամիսների նկատմամբ էական աճ է արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակների՝ ԱԱՀ-ի, եկամտային հարկի, շահութահարկի, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի մասով:
Անդրադառնալով հիմնական եկամուտներ ապահովված ոլորտներին՝ առանձնացվել են մեծածախ և մանրածախ առևտրի, հանքարդյունաբերության, շինարարարության և մշակող արդյունաբերության ոլորտները: Կարևորելով վարչարարության թվայնացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները՝ ընդգծվել է անհպում վարչարարության մասնաբաժնի ավելացումը: Միաժամանակ, ստուգումների և վերլուծության արդյունքում հաշվետու ժամանակահատվածում հարկ վճարողներին առաջադրված ընդհանուր գումարը կազմել է 126.7 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 33.1 մլրդ դրամով կամ 35%-ով:
Օրակարգի հարցերի շրջանակում էր նաև մաքսային ոլորտին առնչվող հարցերի կանոնակարգմանն ուղղված օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման որոշումների կիրառմանը, ժամանակավոր պահպանման վայրերից դուրս պահպանության դեպքերի ընդլայնմանը, «Հրաժարում՝ հօգուտ պետության», «Մաքսային պահեստ» և վերամշակումներին վերաբերող մաքսային ընթացակարգերի կիրառմանն ու թույլտվությունների ստացմանը, ինչպես նաև մաքսային գործին առնչվող ռեեստրային գործունեության տեսակներին և մաքսային հայտարարագրերի ճշգրտմանը։ Միաժամանակ, քննարկվել են մտավոր սեփականության օբյեկտների՝ մաքսային մարմինների նախաձեռնությամբ պաշտպանության, մաքսային հայտարարագրերի լրացման ընթացքում թույլ տված անճշտությունների մասով պատասխանատվության, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման հետ կապված հարցեր:
Ակտիվ քննարկում է ծավալվել նաև Խորհրդի անդամ հասարակական կազմակերպության ներկայացուցչի կողմից ներկայացված՝ վերստուգում նշանակելու դեպքում նախորդ ստուգման կամ վերստուգման արդյունքներով կայացված վարչական ակտի գործողության կասեցման և դրա հետ կապված իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկի, ինչպես նաև Խորհրդի մյուս անդամների կողմից բարձրացված այլ հարցերի և կառուցողական առաջարկների շուրջ:
Պետություն-հանրություն երկխոսության հարթակում կարևորվել է ներկայացված առաջարկների քննարկման և առկա խնդիրների հասցեական լուծումների ուղղությամբ համագործակցությունը՝ հարկային և մաքսային ոլորտների օրենսդրական կարգավորումների շարունակական բարելավման համատեքստում: