Կրթություն

Տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների ավարտական միջոցառումը

17 րոպեի ընթերցում

Տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների ավարտական միջոցառումը

Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2026 թվականի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների հոսքը սեպտեմբերի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շքեղ դահլիճում էր՝ տոնելու սպասված ավարտական միջոցառումը։

Բակալավրի և մագիստրատուրայի շուրջ հինգ հարյուր շրջանավարտները երջանիկ էին, ոգևորված էին, շնորհակալ էին և պատրաստ էին համալսարանում ստացած գիտելիքներով հաղթահարել առաջիկա մարտահրավերները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ քարտուղար Կարինե Վարդանյանը, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեն, Թուլուզի համալսարանի ներկայացուցիչ Ալեն Կրուզիլը, միջոցառման գլխավոր հովանավոր Ինեկոբանկի ղեկավարության մի շարք անդամներ՝ ի դեմ գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի և տնօրենի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Չիչյանի, միջոցառման հովանավոր «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն, Սոֆթկոնստրակտ ընկերության Խորհրդի անդամ, ՀՖՀՀ-ի ՀԽ անդամ և շրջանավարտ Նորայր Մխիթարյանը և Սոֆթկոնստրակտ ընկերության պրոդուկտների զարգացման տնօրեն Գեղամ Եգորյանը։ Ներկա էին նաև գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ, գործընկերներ, ինչպես նաև շրջանավարտների ընտանիքների անդամներ, ՀՖՀՀ-ի դասախոսական և վարչական անձնակազմը:

Ալեն Կրուզիլ
Ալեն Կրուզիլ

Հանդիսավոր արարողությանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին դիմելով շրջանավարտներին՝ շեշտեց, որ նրանք ընտրել են  կրթվելու, սովորելու, հասկանալու ճանապարհը՝ ծանոթանալով տարբեր գիտակարգերի, գաղափարների և մշակույթների հետ։ Նա կարևորեց այն փաստը, որ ուսանողները ոչ միայն սովորել են պատասխաններ փնտրել, այլև ճիշտ հարցադրումներ անել, զարգացրել են քննադատական մտածողությունը,  վերուծելու և փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողությունը։

Սալվա Նակուզի

«Տեխնոլոգիական հեղափոխությունն ու արհեստական բանականության աննախադեպ զարգացումը խորապես փոխում են մեր հասարակություններն ու մասնագիտությունները։ Փոխվում են աշխարհաքաղաքական հավասարակշռությունները։ Օրեցօր մեծանում են կլիմայական մարտահրավերները։ Ընկերություններին, հաստատություններին  և հասարակություններին անհրաժեշտ են մարդիկ, որոնք կարող են հասկանալ այդ փոփոխությունները, նպաստել դրանց հաղթահարմանն ու երբեմն էլ կանխատեսել դրանք։ Բայց նրանց անհրաժեշտ են կանայք և տղամարդիկ, որոնք այդ հորձանուտում կկարողանան պահպանել այն, ինչին չի կարող փոխարինել ոչ մի տեխնոլոգիա՝ տրամաբանելու ունակությունը, պատասխանատվությունը, ստեղծարարությունը, համերաշխությունն ու դիմացինի հանդեպ ուշադրությունը։ Հենց այստեղ է լիարժեք իմաստավորվում Ձեր ստացած կրությունը»,-ասաց ռեկտորը։

Անդրադանալով Միսաք Մանուշյանին՝ Սալվա Նակուզին ընդգծեց՝ Մանուշյանի անունը հիշեցնում է քաջության, նվիրումի և դիմադրության մասին։ Ռեկտորի խոսքով՝ Միսաք Մանուշյանը հայկական ծագումով մարդ էր, որը որոշեց Ֆրանսիայում պայքարել մի գաղափարի համար, որը վեր էր իր անձնական շահերից։ «Նրա անցած ճանապարհը մեզ հիշեցնում է, որ մեր ինքնությունը կարող է բազմաշերտ լինել, որ մեր պատմությունները կարող են անցնել սահմաններից անդին, որ նվիրումն ու պատասխանատվությունը կարող են մարդու կյանքին տալ այնպիսի իմաստ, որը դուրս է անձնականի սահմաններից։ Նրա անունը խորհրդանշում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնահատուկ ամուր կապը։ Այսօր  համախմբվել ենք այս անվան ներքո  մի համալսարանում, որն ինքն էլ կամուրջներ է կառուցում մշակույթների, երկրների և սերունդների միջև»,-հավաստիացրեց Նակուզին։

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց բոլոր վարչական մարմիններին, անհատներին, կազմակերպություններին, որոնք կանգնած են Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողքին և աջակցում են բուհին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն իր ուղերձում կարևորեց բարձր պատրաստվածութուն և քննադատական մտածողություն ունեցող երիտասարդների կրթության գործը․ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեր բարձրագույն կրթության համակարգի կարևոր դերակատարներից է։ Նրա կրթական մոդելը միավորում է մասնագիտական խոր գիտելիքը, բազմալեզու միջավայրը և եվրոպական արժեքները՝ ստեղծելով հնարավորություններ ինչպես անհատի, այնպես էլ պետության զարգացման համար։ Հայաստանի ապագան մեծապես կախված է այն մարդկային ներուժից, որը ձևավորվում է բուհերում։ Մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք ունեն բարձր պատրաստվածություն, քննադատական մտածողություն, նախաձեռնողականություն և պատասխանատվություն։ Դուք հենց այդ սերնդի ներկայացուցիչներն եք, և ստացած գիտելիքը պետք է լինի շարունակական զարգացման հիմքը»։

Քրիստինա Թաթարյան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ քարտուղար և ՀՖՀՀ շրջանավարտ Կարինե Վարդանյանն էլ խորհրդանշական համարեց այն, որ 2026-ի շրջանավարնետների հոսքը կրում է Միսաք Մանուշյանի անունը։

Կարինե Վարդանյան

Նա ընդգծեց, որ Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանն այսօր Հայաստանի և Ֆրանսիայի ընդհանուր պատմական հիշողության և արժեքների խորհրդանիշներից է։ «Նրա մուտքը Ֆրանսիայի պանթեոն ևս մեկ անգամ ընդգծեց այն ամուր մարդկային և պատմական կապերը, որոնք միավորում են մեր երկու երկրները։ Այսօր այդ կապերն ունեն կոնկրետ ու ժամանակակից արտահայտություններ։ Դրանց լավագույն օրինակներից մեկը Հայաստանում ֆրանսիական համալսարանն է։ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերություններն այսօր հասել են կարևոր հանգրվանի. այս տարվա մայիսին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրների միջև համագործակցությունը՝ նոր հնարավորություններ բացելով դրա հետագա խորացման համար։ Հատկանշական է, որ պետական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերի շարքում էր նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի վերաբերյալ համաձայնագիրը»,-շեշտեց նա և հավելեց՝ դա լավագույնս վկայում է այն կարևորության մասին, որ երկու երկրները տալիս են կրթությանը և երիտասարդ սերունդների միջև կապերի ամրապնդմանը։

Վարդանյանը հավաստիացրեց, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարիների ընթացքում դարձել է երկու երկրների միջև կրթական համագործակցության կայացած և հաջողված օրինակ. այն ոչ միայն հնարավորություն է տալիս Հայաստանում ստանալ ֆրանսիական չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթություն, այլև ձևավորում է մասնագետների մի սերունդ, որը լավ ճանաչում է երկու երկրները, մշակույթները և կրում է կրթական ավանդույթների լավագույն արժեքները։

«Հայաստանի համար՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ պետություն, առանձնահատուկ նշանակություն ունի նաև ֆրանսերենի և ֆրանկոֆոն կրթության շարունակական զարգացումը Հայաստանում։ Այդ առումով համալսարանի  գործունեությունը շատ ավելի լայն նշանակություն ունի, քան միայն բարձրագույն կրթության տրամադրումը. այն կարևոր ներդրում է Հայաստանում ֆրանկոֆոն կրթական և մշակութային միջավայրի պահպանման ու զարգացման գործում»,-ասաց Կարինե Վարդանյանը՝ շնորհավորելով բոլոր շրջանավարտներին։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն ևս դիմեց ուսանողներին և նշեց՝ նրանք քրտնաջան և օրնիբուն աշխատել են՝ այստեղ հասնելու համար, երբեմն անցել են անքուն գիշերների, քննությունների տագնապի, երբեմն էլ կասկածների ու հուսահատության միջով, սակայն դիմացել են և այստեղ են որպես  դիպլոմավորված մասնագետներ։

Ֆլորիան Էսկյուդիե

«Դուք սովորել  եք բարձրորակ կրթություն առաջարկող համալսարանում, որը հայտնի է որպես Հայաստանի ամենապահանջկոտ բուհերից մեկը։ Ձեր ջանքերն այսօր պսակվում են կրկնակի՝ հայկական և ֆրանսիական դիպլոմներով։  Ֆրանսիական դիպլոմները շնորհվում են երկու խոշորագույն համալսարանների կողմից, որոնք ունեն հաստատուն հեղինակություն թե՛ Ֆրանսիայում, թե՛ միջազգային  ասպարեզում. դրանք են Լիոնի Ժան Մուլեն և Թուլուզի համալսարանները։ Այս կրկնակի դիպլոմը ձեր հաջողության բանալին է աշխատաշուկայում, քանի որ վստահելի երաշխիք է գործատուների համար։ Պատահական չէ, որ շատերն են ընտրում հենց Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին։  Սա է թույլ տալիս ՀՖՀՀ-ին արձանագրել աշխատանքի տեղավորման տպավորիչ  ցուցանիշ. շրջանավարտների  շուրջ 97 տոկոսն աշխատանք է գտնում  համալսարանն ավարտելուն պես»,-ասաց դեսպանը։

Նա կարծում է՝ համալսարանի շրջանավարտները, աշխատելով այն կամ այն  ընկերությունում և հաստատությունում, ակամայից դառնում են ՀՖՀՀ-ի դեսպանները։ Ըստ Էսկյուդիեի՝ դեսպան լինելը մեծ պատասխանատվություն է։ «Դուք  դառնալու եք Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հենասյուներն այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Ֆրանսիայի և Հայաստանի  կապերն առավել  քան երբևէ ամուր են։ Սա միաժամանակ մեծ հնարավորություն է և  պատասխանատվություն»,-նշեց Ֆլորիան Էսկյուդիեն։

Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեն ուրախ էր շրջանավարտների կողքին լինել նրանց համար այդքան կարևոր օրը։

Ժիլ Բոննե

Նա ընդգծեց, որ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն ու ՀՖՀՀ-ն ուղղակի գործընկեր չեն։ Ժիլ Բոննեն նշեց, որ Լիոն 3 համալսարանն ուղղակիորեն մասնակցել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրմանը։

«2000 թվականից ի վեր ինչպիսի՜ ճանապարհ ենք անցել՝ շնորհիվ մեր երկու համալսարանների, ապա նաև Թուլուզի համալսարանի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և համապատասխան նախարարությունների միջև ծավալված սերտ ու մշտական համագործակցության։ Լիոն 3 համալսարանն իր գործընկերություններով և ապակենտրոնացված ծրագրերով ներկայացված է աշխարհի շուրջ 170 երկրում, սակայն այն կապը, որն ունենք ձեզ հետ՝ ՀՖՀՀ-ի հարգելի՛ դասախոսներ, հետազոտողներ, և ձեզ հետ՝ ՀՖՀՀ-ի սիրելի՛ ուսանողներ, առանձնահատուկ է։ Հենց այստեղ է, որ մենք կրթում ենք միջազգային ուսանողների մեր ամենամեծ համակազմը՝ ապակենտրոնացված ծրագրերում ընդգրկված 1448 ուսանողով»,-ասաց նա և հավելեց՝ Լիոն 3-ը նաև խորապես արմատավորված է իր տարածաշրջանում ոչ միայն միջազգային, այլ տեղական հարթությունում, իսկ Լիոնի տարածաշրջանը Ցեղասպանությունից հետո հյուրընկալ ափ է դարձել հայերի համար։

Դիմելով շրջանավարտներին՝ Բոննեն նրանց հորդորեց այս անհանգիստ ժամանակներում անսահման սեր տածել մարդկության հանդեպ։ «Դուք կհասնեք դրան, ես լիովին վստահ եմ ձեզ վրա, և կհասնեք հատկապես այն ամենի շնորհիվ, ինչ սովորել եք ձեր ուսումնառության ընթացքում և ինչը կկարողանաք ծառայեցնել ոչ թե անձնական հավակնություններին, այլ ընդհանուր շահին։ Սա է մեր համալսարանների առաջնային առաքելությունը, և այսօր մենք հավաքվել ենք տոնելու ձեր հաջողությունը, հաջողություն, որով լիովին կարող եք հպարտանալ։ Մեկ անգամ ևս, սիրելի՛ շրջանավարտներ, թույլ տվեք հղել ձեզ իմ ամենանվիրական ջերմ շնորհավորանքները։ Կեցցե՛ք բոլորդ»,-ասաց Ժիլ Բոննեն։

Ողջույնի խոսքերից հետո տեղի ունեցավ ուսանողների անվանական մրցանակների շնորհման արարողությունը։

Համալսարանի ֆինանսների ֆակուլտետի ուսանողուհի Անի Գևորգյանը 2026 թվականի շրջանավարտների կողմից արժանացավ «Սոցիալական ներգրավվածություն» մրցանակին, կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Անգելինա Մանանդյանը՝ «Ուսանողական ներգրավվածություն» մրցանակին, ԻԿՄ ֆակուլտետի շրջանավարտ Վահե Միրզոյանը՝ «Նորարարության» մրցանակին, ֆինանսների ֆակուլտետի ուսանող Հայկ Սիմոնյանն էլ «Առաջնորդություն» մրցանակի դափնեկիր դարձավ։

Ուսանողներին մրցանակները հանձնեցին միջոցառման գլխավոր հովանավոր Ինեկոբանկի և հովանավոր «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ներկայացուցիչները։ Շրջանավարտներին ուղղված իր խոսքում Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանն ընդգծեց․ «Աշխարհը փոփոխվում է արագ, և նրանք, ովքեր շարունակում են հարցեր տալ, փորձարկել և նոր գիտելիք փնտրել, կլինեն նրանք, ովքեր ոչ միայն կհետևեն փոփոխություններին, այլև ինքնուրույն կձևավորեն դրանք։ … Մենք հավատում ենք, որ ուժեղ, կրթված և նպատակասլաց երիտասարդությունը մեր երկրի ամենամեծ ներուժն է, ուստի շարունակում ենք ներդնել կրթական նախաձեռնություններում՝ համոզված լինելով, որ այսօր կատարվող ներդրումը վաղը վերադառնում է հասարակության զարգացման ու բարգավաճման տեսքով»։

Հայկ Ստեփանյան

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն Նորայր Մխիթարյանը շրջանավարտներին հանձնեց շարունակական կրթությունն ու զարգացումը խրախուսող մրցանակներ՝ ընդգծելով շրջանավարտների դերը համալսարանի բարձր վարկանիշի գործում։ «Եթե մինչ այսօր համալսարանի անունն ինչ-որ չափով աշխատել է ձեր օգտին, այսօրվանից հավասարումը մի փոքր փոխվում է։ Ձեր յուրաքանչյուր հաջողություն դառնալու է նաև այս համալսարանի հաջողության պատմության մի մասը։ Տասը կամ քսան տարի հետո, երբ այս բեմում մեկ այլ շրջանավարտ խոսի մեր համալսարանի մասին և ասի, որ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների հաջողությունը պատահականություն չէ, այլ օրինաչափություն, թող այդ օրինաչափությունն ապացուցող օրինակներից մեկը դուք լինեք»,-ընդգծեց նա։

Նորայր Մխիթարյան

Մխիթարյանը նաև նշեց, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբում աշխատող ուֆարցիների թիվը շատ մեծ է և վստահեցրեց, որ իրենք շարունակելու են համագործակցությունը ՀՖՀՀ-ի հետ։ «Մեր խմբի ընկերությունները շարունակելու են աջակցել Ֆրանսիական համալսարանին կրթական, հետազոտական և մասնագիտական զարգացման տարբեր ծրագրերի շրջանակում, քանի որ մենք հավատում ենք, որ առանց որակյալ կրթության և ուժեղ մասնագետների հնարավոր չէ ապահովել երկարաժամկետ հաջողություն»,-ասաց նա։

Շրջանավարտներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին Հայաստանում ֆրանսիական համալսարանին՝ վստահեցնելով, որ այն իրենց փոխանցել է ավելին, քան ակադեմիական գիտելիքը, այն սերմանել է արժեքներ, որոնք իրենց կուղեկցեն ամբողջ կյանքում, սովորեցրել է ձգտել առավելագույնին, սահմանել մի նշաձող, որին հասնելը պահանջում է կամքի ուժ և կարգապահություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում