ԱՄՆ-ի կողմից օգտագործվող բրիտանական ռազմաբազայի մոտ հինգ մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով
3 րոպեի ընթերցում
Բրիտանական ոստիկանությունը սեպտեմբերի 27-ին հինգ տղամարդու է ձերբակալել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածներ հասցնելու նպատակով օգտագործված ավիաբազայի մոտ պայթուցիկ նյութերի և ահաբեկչության հետ կապված հանցագործությունների կասկածանքով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կասկածյալները պատրաստվում էին «մեծ վնաս» հասցնել և գտնվել են բրիտանական ու ամերիկյան իշխանությունների ուշադրության կենտրոնում։
Բրիտանական հակաահաբեկչական ստորաբաժանման քննիչների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ոստիկանություն ահազանգ է ստացվել երեք կասկածելի մեքենաների մասին, որոնք, ըստ տեղեկության, շարժվում էին Անգլիայի արևմուտքում գտնվող RAF Fairford ավիաբազայի ուղղությամբ։
Հինգ տղամարդ ձերբակալվել է ոստիկանների կողմից, այնուհետև նրանք կալանավորվել են ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով։ Ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպն այժմ վերահսկողության տակ է, սակայն դեռևս չի հայտնել, թե ում է համարում միջադեպի հնարավոր մասնակից։
Քննությանը ծանոթ աղբյուրի խոսքով՝ ամենահավանական վարկածը Իրանի հետ կապված շարժառիթն է։ Միաժամանակ ուսումնասիրվում են նաև Ռուսաստանի կողմից հնարավոր դիվերսիոն գործողության կամ իսլամիստական խմբավորման կողմից կազմակերպված հարձակման վարկածները։
Ոստիկանությունը հայտնել է, որ ավիաբազայի շուրջ 400 մետրանոց անվտանգության գոտի է սահմանվել, մինչ պայթուցիկների վնասազերծման մասնագետները զննում էին ֆուրգոնները։ Մոտակա գյուղի 85 տների բնակիչներ տարհանվել են, իսկ տարածքում պարեկություն են իրականացրել զինված ոստիկանները։
Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը շնորհակալություն է հայտնել ոստիկանության և զինված ուժերի ներկայացուցիչներին։ «Գիտեմ, որ RAF Fairford-ի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպը խորապես մտահոգիչ է տեղի բնակիչների և երկրում տեղի ունեցող զարգացումներին հետևող բազմաթիվ մարդկանց համար»,- գրել է նա X-ում։
Բրիտանիան հուլիսին հայտարարել էր, որ իր զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկիրը ցանկացած հարձակումից՝ այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել էր Բրիտանիային՝ թույլ չտալ ԱՄՆ-ի ռմբակոծիչներին թռչել Fairford ավիաբազայից։ Իրանը հայտարարել էր, որ հարձակումներ իրականացնելու համար օգտագործվող ցանկացած բազա կարող է օրինական թիրախ համարվել։
«Բրիտանիայում տեղի ունեցած ձերբակալությունը ֆանտաստիկ էր։ Նրանք պատրաստվում էին մեծ վնաս հասցնել մեր բազային, և բրիտանացիների հետ համագործակցությունը շատ լավ արդյունք տվեց... Մենք նրանց երկար ժամանակ հետևում էինք և ի վերջո բռնեցինք»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ «հիանալի աշխատանք» է կատարվել։