«Աբրահամի համաձայնագրերի» մասնակից երկրները շուրջ երեք տարի ընդմիջումից հետո առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացրել
3 րոպեի ընթերցում
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաները քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորությամբ Մանհեթենում մասնակցել են «Աբրահամի համաձայնագրերի» մասնակից երկրների՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Մարոկկոյի առաջին պաշտոնական հանդիպմանը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը։
«Հոկտեմբերի 7-ից գրեթե երեք տարի անց «Աբրահամի համաձայնագրերի» մասնակից երկրները կրկին միավորվել են», - ասել է Հուքերը՝ հավելելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահության առաջին ժամկետի ընթացքում է նախաձեռնել այդ պատմական համաձայնագրերը, իսկ սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպումը կարևոր ազդանշան էր այն մասին, որ համաձայնագրերը «կրկին առաջ են շարժվում»։
«Աբրահամի համաձայնագրերի» մասնակից երկրներին առաջին անգամ միացել են Ղազախստանի պաշտոնյաները. երկիրը համաձայնագրերին միանալու ցանկություն էր հայտնել դեռ 2025 թվականին։
Ղազախստանի դեսպանատան պաշտոնյան հայտնել է, որ կայացած հանդիպումը շոշափելի քայլ էր համաձայնագրերի ընդլայնման ուղղությամբ։
Հանդիպումը կազմակերպել էր N7 հիմնադրամը՝ ԱՄՆ-ում գործող կազմակերպություն, որը 2021 թվականից ի վեր նախաձեռնում է «Աբրահամի համաձայնագրերի» մասնակից երկրների բազմակողմ հանդիպումներ։
«Հաջորդ փուլը վերաբերում է արդեն իսկ առկա հարաբերությունների խորացմանը և երկրների միջև համագործակցության գործնական հնարավորությունների բացահայտմանը», - ասել է N7 հիմնադրամի հիմնադիր Ջեֆրի Թալփինսը։
Վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի նշվում, CBS News-ին հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի թիմը և Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն «ակնհայտորեն առաջնահերթություն են տալիս այս նախաձեռնությանը»։
«Աբրահամի համաձայնագրերը» պայմանավորվածությունների շարք են, որոնք կարգավորեցին Իսրայելի և մի շարք մուսուլմանական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները։ Այդ համաձայնագրերից առաջինը ստորագրվել է 2020 թվականին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում։
Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը դարձել են Պարսից ծոցի արաբական առաջին երկու պետությունները, որոնք պաշտոնապես ճանաչել են Իսրայելը։ Դրանց շուտով հետևել է Մարոկկոն։
Նախքան հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումները՝ Սաուդյան Արաբիայի և այլ մուսուլմանական երկրների՝ համաձայնագրերին միանալու գործընթացը թափ էր հավաքում, սակայն այդ հարձակումը և դրան հաջորդած պատերազմները Գազայում, Լիբանանում և Իրանում կասեցրին գործընթացի հետագա ընդլայնումը։