Թեհրանը բանակցությունների վերսկսման և Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ առաջարկ է փոխանցել Վաշինգտոնին
2 րոպեի ընթերցում
Թեհրանն այս շաբաթ Վաշինգտոնի հետ երրորդ անձանց միջնորդությամբ կայացած հանդիպման ընթացքում ամերիկացի պաշտոնատար անձանց է փոխանցել իր առաջարկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին:
«Իրանը Թրամփի վարչակազմին է փոխանցել մի առաջարկ, որի համաձայն՝ Հորմուզի նեղուցը կվերաբացվի, իսկ լայնածավալ պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները կվերսկսվեն յոթ օրվա ընթացքում», - հրատարակությունը մեջբերում է Արաղչիի հայտարարությունը, որը նա արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում լրագրողների և փորձագետների խմբի հետ հանդիպմանը։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ ներկայիս առաջարկը նման է փոխըմբռնման հուշագրին, որը կողմերը համաձայնեցրել են հունիսին։
Ըստ դրա՝ ԱՄՆ-ն պետք է յոթ օրվա ընթացքում որոշակի պայմաններ կատարի բանակցությունները վերսկսելու և նեղուցը վերաբացելու համար։
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք սպասում են Վաշինգտոնի պատասխանին։
Արաղչին նշել է, որ Թեհրանը չի շտապում, սակայն կարծում է, որ ավելի լավ կլիներ, եթե ԱՄՆ-ն համաձայներ և բանակցությունները վերսկսվեին մինչև նոյեմբերի սկզբին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։
Միևնույն ժամանակ ամերիկացի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն «դրական և կառուցողական բանակցություններ է վարում՝ երրորդ անձանց միջնորդությամբ»։
«Միացյալ Նահանգները շատ ուժեղ դիրքերում է՝ վերահսկելով Հորմուզի նեղուցը, ուստի մենք չենք շտապում։ Անցած գիշեր նեղուցով անցել է գրեթե 22 միլիոն բարել նավթ», - ասել է պաշտոնյան։