Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային
2 րոպեի ընթերցում

Նորվեգիան պլանավորում է հաջորդ տարի 85 միլիարդ նորվեգական կրոն (շուրջ 9 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինային աջակցության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ կայացած հանդիպման ժամանակ։
«Կառավարությունը հաջորդ տարի ևս կշարունակի աջակցել Ուկրաինային՝ հատկացնելով 85 միլիարդ նորվեգական կրոն։ Դրա մեծ մասը ռազմական աջակցություն է, ընդ որոում՝ գլխավոր առաջնահերթությունը հակաօդային պաշտպանությունն է։ Նորվեգիան նաև կենսականորեն կարևոր հումանիտար օգնություն և աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայի էներգետիկ ոլորտն ապահովելու համար», - Ստյորեի խոսքը մեջբերում է Նորվեգիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետն ընդգծել է. «Այս աջակցությունը կարևոր է Ուկրաինայի համար, ինչպես նաև մեր սեփական երկրի անվտանգության համար, որը սահմանակից է Ռուսաստանին»։
«Միևնույն ժամանակ մենք կշարունակենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք հող են պատրաստում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև իրական բանակցությունների համար», - ասել է կառավարության ղեկավարը։
Նորվեգիայի կառավարությունը 2026 թվականին նույնպես 85 միլիարդ նորվեգական կրոն էր հատկացրել Ուկրաինային աջակցելու համար։