Սիբիրում արջերի հարձակման բազմաթիվ դեպքեր են գրանցվել
2 րոպեի ընթերցում

Արջերն սկսել են բնակելի շրջաններում հայտնվել Սիբիրի բոլոր տարածաշրջաններում, վերջինն այդ ցանկը լրացրել է Օմսկի մարզը: Կենդանիների հարձակումներ են տեղի ունենում Սիբիրի շրջանում և Հեռավորարևելյան դաշնային շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հիմնվելով սեփական հաշվարկների վրա:
Ըստ ավելի վաղ հաղորդված տեղեկությունների՝ 2026 թվականին արջերը բնակավայրերի են մոտեցել Ռուսաստանի 41 տարածաշրջաններում։ Ամենաբարդ իրավիճակն ստեղծվել է Արևելյան Սիբիրում: Կենդանիներն այնտեղ մոտեցել են դպրոցների, զորամասերի, փորձել են ներխուժել մասնավոր տներ։
Օմսկի մարզը մնացել էր վերջին տարածաշրջանը Սիբիրի դաշնային շրջանում, որտեղ արջերը բնակելի շրջաններին չէին մոտենում։ Սակայն սեպտեմբերի 23-ի առավոտյան տարածաշրջանի հյուսիսում արջը մտել է Ուստ Իշիմ գյուղի բնակչուհու բանջարանոց և սպանել շանը։ Այսպիսով, վայրի կենդանիներն սկսել են մարդկանց մոտ հայտնվել Սիբիրի բոլոր տարածաշրջաններում։
Վերջին ամիսներին Ռուսաստանում արջերի հարձակումներից զոհվել է 17 մարդ։ Ամենամեծ թիվը գրանցվել է Կրասնոյարսկի երկրամասում, այնտեղ մահացել է վեց մարդ։ Երեքական մարդ է զոհվել Տոմսկի և Իրկուտսկի մարզերում, մահվան երկու դեպք է տեղի ունեցել Բուրյաթիայում։ Մարդկանց վրա արջերի հարձակումներ են գրանցվել Ալթայում, Կամչատկայում և Խաբարովսկի երկրամասում։
Մարդկանց մոտ կենդանիների զանգվածաբար հայտնվելու պատճառներից են անտառային հրդեհները Կրասնոյարսկի երկրամասում, ինչպես նաև մայրու ընկույզի վատ բերքը։