Փաշինյանը խաղաղության հաստատմամբ Հայաստանում ներդրումների գրավչության աճի հնարավորություն է տեսնում
3 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմամբ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության աճի հնարավորություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարել է Նյու Յորքում «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում՝ խոսելով արհեստական բանականության գործարանների բացման մասին:
«Ինչ վերաբերում է Արհեստական բանականությանը, նախորդ տարի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին: Արհեստական բանականության արդեն երկու գործարան կա Հայաստանում, սա շատ լավ լուր է մեր երկրի համար: Տեխնոլոգիաները մեր ՀՆԱ -ի ամենամյա աճի և մեր տնտեսության շատ կարևոր մաս են: Խաղաղության հաստատմամբ՝ մեր երկրում ներդրումների համար գրավչությունը կաճի, այն տեսնում ենք, այն աճում է, ավելանում է»,- նշել է վարչապետը։
Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում 2026 թվականի հունիսի 1-ին տեղի է ունեցել 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜 ընկերության կողմից կառուցված արհեստական բանականության առաջին գործարանի բացման պաշտոնական արարողությունը։ Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին NVIDIA Blackwell B300 ԱԲ գործարանը։ Նոր կենտրոնը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար` սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։ Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 120 միլիոն դոլար։ Գագարինի ԱԲ գործարանի առաջին փուլում տեղակայված է 512 GPU։ Կենտրոնն այս պահին գործում է 1.2 մեգավատ էլեկտրական հզորությամբ։ Նախատեսվում է այն հետագայում հասցնել 5, իսկ վերջնական փուլում՝ 35 մեգավատի։ Այդ ընդլայնումը հնարավորություն կտա բազմապատկել կենտրոնի հաշվարկային ներուժը, տեղակայել հազարավոր նոր սերնդի AI պրոցեսորներ և ձևավորել տարածաշրջանային արհեստական բանականության ենթակառուցվածքային կենտրոն։
Firebird ընկերությունը 2026 թվականի օգոստոսին Հայաստանում գործարկել է ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն ԱԲ գործարանը՝ ստեղծելով ԱԲ հաշվարկային նոր կենտրոն, որը հիմնված է NVIDIA-ի արագացված հաշվարկային տեխնոլոգիաների և Dell Technologies-ի բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքի վրա։ ԱԲ գործարանները ԱԲ-ի դարաշրջանի հիմնարար ենթակառուցվածքներն են՝ ապահովելով անհրաժեշտ հաշվարկային հզորություններ՝ տարբեր ոլորտներում ԱԲ մոդելները լայնածավալ մասշտաբով ուսուցանելու, կատարելագործելու և կիրառելու համար։ Հրազդանում ԱԲ գործարանի բացման արարողության մասնակիցներին տեսաուղերձ է հղել NVIDIA ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Յենսեն Հուանը։