2 րոպեի ընթերցում
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է Մայքլ Օ’Նիլին Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերի պաշտոնում նշանակելու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նշանակման մասին որոշումը կայացվել է ՀԲՖ գործադիր կոմիտեի նիստում։ Գործկոմի անդամներին ներկայացվել են Հայաստանում կանանց բասկետբոլի զարգացման՝ Մայքլ Օ’Նիլի առաջարկած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Քննարկումից հետո գործկոմի անդամները միաձայն հաստատել են նրա նշանակումը։
Մայքլ Օ’Նիլն ԱՄՆ-ում աղջիկների բասկետբոլի մարզչական աշխատանքի փորձ ունի, ինչպես նաև մասնագիտական հարուստ փորձ կառավարման, ձեռներեցության և կազմակերպությունների զարգացման ոլորտներում։
Նոր պաշտոնում Օ’Նիլը սերտորեն համագործակցելու է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ՝ մշակելու և իրականացնելու կանանց բասկետբոլի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն, որն ընդգրկելու է բոլոր մակարդակները՝ մասսայական և մանկապատանեկան բասկետբոլից մինչև պատանեկան և մեծահասակների ազգային հավաքականներ։
Նրա պարտականությունների շրջանակում են լինելու Հայաստանում և հայկական սփյուռքում մարզիչների ու բասկետբոլիստուհիների բացահայտման և ներգրավման աշխատանքներին աջակցելը, ազգային հավաքականների կառուցվածքի ամրապնդումը, միջազգային համագործակցության զարգացումը, ինչպես նաև Հայաստանում կանանց բասկետբոլի կայուն զարգացմանը նպաստելը։
Օ’Նիլը կդառնա ծրագրի առաջին գլխավոր մենեջերը։ Նրա պաշտոնավարման նախնական ժամկետը երկու տարի է՝ սկսած 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։ Նա ծրագիրը կղեկավարի մինչև 2028 թվականի ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնությունները։