Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

Չինաստանի կառավարությունը միշտ դեմ է հանդես գալիս միակողմանի պատժամիջոցներին, որոնց հավանություն չի տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունն այն մասին, որ Իրանի բոլոր ավիաընկերություններն ստիպված կլինեն սեպտեմբերի 23-ին դադարեցնել թռիչքներն ամերիկյան պատժամիջոցների պատճառով։
«Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի բնագավառում և արտոնված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», - դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ից իրանական բոլոր ավիաընկերությունների աշխատանքը կարգելափակվի:
«Եթե նրանց ինքնաթիռները վայրէջք կատարեն, կարգելվի դրանք լիցքավորել, սպասարկել, ինչպես նաև տոմսեր վաճառել», - նշել է ամերիկացի պաշտոնյան՝ նախազգուշացնելով, որ այս միջոցներին չհետևողները կզրկվեն դոլարային համակարգին հասանելիությունից: