1 րոպեի ընթերցում
Ճապոնիայի Կանագավայի և Տիբայի պրեֆեկտուրաներում առնվազն չորս մարդ է զոհվել «Դուջուան» թայֆունի պատճառով առաջացած սողանքների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Kyodo News-ը։
Երկու մարդու զոհվելու մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 21-ին, իսկ մեկ օր անց ևս երկու տարեց կանանց գտել են սողանքների հետևանքով ավերված տների փլատակներում։
Եվս վեց մարդ անհետ կորած է: Առնվազն 22-ը վնասվածքներ են ստացել։
Սեպտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ մոտավորապես 48 000 տնային տնտեսություն առանց էլեկտրականության է մնացել թայֆունի հետևանքների պատճառով։
Թայֆունն ուղեկցվել է տեղատարափ անձրևներով ու քամու ուժգին պոռթկումներով։ Օսիմայի շրջանում (Տոկիոյի պրեֆեկտուրա) 48 ժամվա ընթացքում 832 մմ տեղումներ են գրանցվել։
Օդերևութաբանները եղանակային պայմանների բարելավում են կանխատեսում սեպտեմբերի 22-ին, քանի որ թայֆունը հեռանում է Ճապոնիայից դեպի հյուսիս-արևելք. այնուամենայնիվ, սողանքների վտանգը պահպանվում է։