Միացյալ Նահանգներ

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնն ԱՄՆ-ին  կոչ է արել մեղմացնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները՝ նոր միջուկային սպառազինությունների և բալիստիկ հրթիռների մշակումը դադարեցնելու՝ Փհենյանի պարտավորության դիմաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարավային Կորեայի նախագահն ասել է The New York Times-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ շատ արժեքավոր կարող է լինել, եթե փոխզիջում արվի պատժամիջոցների, որոնք, միևնույն է, առանձնապես արդյունավետ չեն, և միջուկային սպառազինությունների ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների լրացուցիչ տեխնոլոգիաների հետագա մշակման դադարեցման միջև», - ասել է նա։

Լի Չժե Մյոնը հավելել է, որ ներկայիս պայմաններում Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման փորձերը հաջողությամբ չեն կարող պսակվել։ Նրա խոսքով՝ միջուկային զենքի սառեցումն ապահովելուց հետո փոխադարձ խթանների և զիջումների միջոցով հնարավոր կլիներ վստահություն ձևավորել՝ ի վերջո համոզելու Հյուսիսային Կորեային կրճատել իր միջուկային զինանոցը։

Վկայակոչելով Հարավային Կորեայի գնահատումները, ըստ որոնց Հյուսիսային Կորեան այժմ ի վիճակի է արտադրել կամ, գուցե, արդեն իսկ արտադրում է տարեկան լրացուցիչ 10-20 միջուկային զենք՝ Լի Չժե Մյոնը հավելել է, որ ներկայիս փակուղային իրավիճակը չափազանց վտանգավոր է, և չի կարելի թույլ տալ, որ այն շարունակվի։

«Երբ Հյուսիսային Կորեան համոզվի, որ կուտակել է բավարար քանակությամբ միջուկային զենքեր և հրթիռներ՝ իր գոյությունը երաշխավորելու համար, այն գայթակղություն կունենա դրանք արտահանել՝ գումար վաստակելու նպատակով։ Դա իսկապես վտանգավոր պահ կլինի», - ասել է նախագահը։

Երկու Կորեաների միջև հարաբերությունները մնում են սառեցված։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրաժարվել է Փհենյանի՝ վերամիավորմանն ուղղված քաղաքականությունից՝ Հարավային Կորեան բնութագրելով որպես երկրի ամենաթշնամական պետություն և հրահանգելով ուժեղացնել սահմանագծի պաշտպանությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում