Բուլղարիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել ԱԲ-ի, ռոբոտաշինության և կիսահաղորդիչների ոլորտներում. BTA
3 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Բուլղարիայում Ամերիկյան առևտրային պալատի (AmCham Bulgaria) անդամների հետ կայացած գործարար հանդիպման ժամանակ վարչապետ Ռումեն Ռադևը կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել խոշոր հաշվողական կենտրոնների, արհեստական բանականության կենտրոնների, ռոբոտաշինության, մեխատրոնիկայի և կիսահաղորդիչների արտադրության ոլորտներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։
«Grand Hotel Millennium Sofia»-ում անցկացված AmCham-ի ավանդական գործարար նախաճաշը Բուլղարիայի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցության շուրջ երկխոսության նպատակով համախմբել է կառավարության ներկայացուցիչներին և գործարար համայնքի անդամներին։
Ռադևը նշել է, որ առկա են բոլոր նախադրյալները Բուլղարիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու համար։ Նա մատնանշել է երկրի տեխնոլոգիական ներուժը, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերություններն ընդլայնելու՝ կառավարության քաղաքական կամքը։
Վարչապետը նշել է, որ 2025 թվականին երկկողմ առևտուրն աճել է 40%-ով, և դա որակել է որպես հզոր դինամիկա տնտեսական հարաբերություններում։
Ռադևի խոսքով՝ Բուլղարիան պատրաստ է զգալիորեն ավելի մեծ ծավալներով ամերիկյան հեղուկացված բնական գազ տեղափոխել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ՝ հաշվի առնելով ռուսական ածխաջրածինների տարանցման՝ 2027 թվականին նախատեսվող արգելքը։ Նա նշել է, որ Բուլղարիան ունի անհրաժեշտ հզորություններ և ենթակառուցվածքներ, ինչպես նաև հասանելիություն հարևան Հունաստանի և Թուրքիայի ենթակառուցվածքներին։
Նա նաև ընդգծել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Բուլղարիայի էլեկտրաէներգիայի փոխանցման ցանցի հզորության մեծացման ուղղությամբ՝ Հյուսիսային Աֆրիկայից և Կովկասյան տարածաշրջանից էլեկտրաէներգիա տեղափոխող ապագա կանաչ էներգիայի միջանցքների նախապատրաստման նպատակով:
Բացի այդ, Ռադևը մատնանշել է Բուլղարիայի ներուժը՝ որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար էներգիայի պահպանման հանգույց՝ հավելելով, որ ամերիկյան Tesla ընկերության հնարավոր ներդրումը կարող է ևս մեկ բեկումնային քայլ դառնալ։