Եվրոպա

Մադյարը դեմ է արտահայտվել Հունգարիայում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

4 րոպեի ընթերցում

Մադյարը դեմ է արտահայտվել Հունգարիայում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկիրը չի կառուցի նավթի պահեստարան Ուկրաինայի համար, քանի դեռ իշխում է իր գլխավորած «Տիսա» կուսակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է  հունգարական Népszava պարբերականը։

Վարչապետը նաև անընդունելի է անվանել, որ MOL-ը (հունգարական նավթագազային ընկերություն) բանակցել է ուկրաինական «Նաֆտոգազի» հետ՝ առանց կառավարության համաձայնության։

Նրա խոսքով՝ MOL-ը բանակցություններ է սկսել «Նաֆտոգազի» հետ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք, սակայն ներկայիս կառավարությունն անընդունելի է համարում, որ ընկերությունը բանակցություններ է վարել ուկրաինական կողմի հետ՝ առանց կառավարության համաձայնության, որը տիրապետում է բաժնետոմսերի 25%-ին։

Մադյարը նաև հայտարարել է, որ նման օբյեկտի տեղափոխումը Հունգարիա կնշանակի սահմանից այս կողմ տեղափոխել նաև Ռուսաստանի կողմից հարձակումների վտանգը, ինչն ազգային անվտանգության սպառնալիք է ներկայացնում Հունգարիայի համար։

Միևնույն ժամանակ, վարչապետը հանդես է եկել մատակարարումների դիվերսիֆիկացման օգտին. որքան շատ նավթ և բնական գազ կարողանա հասնել Հունգարիա, այդ թվում՝ Խորվաթիայից, Ռումինիայից, Բալկաններից և Իտալիայից, այնքան ավելի դժվար կլինի շանտաժի ենթարկել երկրին էներգետիկ ոլորտում։

Ըստ MOL-ի՝ իրենք ներկայում գտնվում են նախապատրաստական ​​գործընթացի միայն սկզբում, որը կարող է տարիներ տևել, և որի ընթացքում իրենք ուսումնասիրում են Հունգարիայում պահեստավորման տեխնիկական, ֆինանսական և կարգավորող պայմանները: Ընկերության պնդմամբ՝ քանի որ գործընթացը դեռ երկար ժամանակ է պահանջում, իրենք չեն տեղեկացրել կառավարությանը:

Ընկերությունը նաև պարզաբանել է, որ «Նաֆտոգազի» հետ կնքված համաձայնագիրը համապատասխանում է միջազգային պրակտիկային, որի համաձայն՝ եվրոպական երկրները միմյանց օգնում են պահպանել նավթի և այլ ածխաջրածինների ռազմավարական պաշարները: MOL-ն արդեն իսկ Հունգարիայում պահում է ինչպես ԵՄ երկրներին, այնպես էլ նրա կազմի մեջ չմտնող երկրներին պատկանող պաշարներ:

Ավելի վաղ «Նաֆտոգազ» խումբը հուշագիր է ստորագրել հունգարական MOL ընկերության հետ Հունգարիայում՝ ուկրաինա-հունգարական սահմանի մոտ, Ուկրաինայի համար նավթամթերքի պահեստարաններ կառուցելու վերաբերյալ։

Մադյարը նաև հայտարարել է, որ իր երկիրը հրավեր է ստացել, սակայն հրաժարվել է անդամակցել Ուկրաինայի կողմից նախաձեռնված և Կարպատյան շրջանն ու Եվրամիության պետությունները միավորող «Կարպատյան ութնյակի» ձևաչափին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան այս առնչությամբ X-ում գրառման մեջ հայտարարել է, որ Ուկրաինան զարմացած է Հունգարիայի վարչապետի՝ Ուկրաինայի վերաբերյալ անհիմն, հակասական հայտարարություններից։

«Կարպատյան ինտեգրման նախաձեռնությունը նպատակաուղղված է մեր ամբողջ տարածաշրջանի զարգացմանը՝ նպաստելով բարգավաճմանը, փոխկապակցվածությանը և փոխշահավետ նախագծերին կարպատյան ութ երկրներում։ Հունգարիայի կողմից նման կատեգորիկ մերժման պատճառները մնում են անհայտ», - նշել է նա գրառման մեջ։

Սիբիհան նաև ուշադրություն է հրավիրել այն հայտարարությունների վրա, որոնք, նրա խոսքով, կասկածի տակ են դնում երկկողմ հուշագրում համաձայնեցված ուկրաինական և հունգարական էներգետիկ ընկերությունների միջև ուղիղ, պրագմատիկ և փոխշահավետ համագործակցությունը։

«Երբ քաղաքականությունը խանգարում է պրագմատիկ բիզնեսին, դրանից ոչ մի լավ բան չի ստացվում։ Վերջերս Բուդապեշտից լսածը մեզ շփոթեցնում է։ Թվում է, թե չնայած Վիկտոր Օրբանը հեռացել է, նրա խոչընդոտման և մեկուսացման քաղաքականությունը շարունակում է ծաղկել», - նշել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում