Վարդենիսի Բանավան թաղամասում մեկնարկել են նոր զբոսայգու և խաղահրապարակի կառուցման շինաշխատանքները
2 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի շրջանակներում արդեն տրվել է Բանավան թաղամասի նոր զբոսայգու և խաղահրապարակի կառուցման աշխատանքների մեկնարկը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, «Մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի շրջանակներում այս տարի քվեարկությամբ ներկայացվել են «Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում խաղահրապարակի կառուցում» և «Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում կինոդահլիճի վերանորոգում» ծրագրերը, որոնք արդեն ստացել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնությունը։
«Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում զբոսայգու և խաղահրապարակի կառուցում» ծրագրի արժեքը կազմում է 49 միլիոն դրամ, որից 9 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է համայնքը, 39 միլիոն 200 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը։
«Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրական փորձաքննության ստացումից հետո սահմանված կարգով կայացել է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը։ Հաղթող ճանաչված շինարարական կազմակերպության հետ արդեն կնքվել է համապատասխան պայմանագիր, և տեղում մեկնարկել են ակտիվ շինարարական աշխատանքները։
Սեպտեմբերի 16-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն այցելել է շինհրապարակ, տեղում ծանոթացել է մեկնարկած աշխատանքների ընթացքին, շինարարի հետ քննարկել ծրագրով նախատեսված ժամկետներն ու որակական չափանիշները։ Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ աշխատանքները պետք է իրականացվեն բարձր պատասխանատվությամբ՝ ապահովելով ինչպես անվտանգության, այնպես էլ ներառականության բոլոր պահանջները, որպեսզի Բանավան թաղամասի նոր զբոսայգին դառնա հարմարավետ ու ուրախ ժամանցի վայր մեր բոլոր երեխաների համար»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։