ԱՄՆ-ն պատրաստ է հաստատել Գերմանիայի կողմից Ուկրաինային տասը Patriot հրթիռի փոխանցումը
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է հաստատել Գերմանիայում գտնվող Patriot հակաօդային պաշտպանության համակարգի 10 կալանիչ հրթիռների փոխանցումն Ուկրաինային։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 29,6 միլիոն դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կոնգրեսին Պետքարտուղարության կողմից սեպտեմբերի 15-ին ուղարկված ծանուցման մեջ։
Խոսքն այն հրթիռների մասին է, որոնք նախկինում մատակարարվել են Գերմանիային։ ԱՄՆ-ի հետ կնքված սպառազինության գործարքների պայմանների համաձայն՝ ստացող կողմը չի կարող զենքը փոխանցել երրորդ կողմին՝ առանց Վաշինգտոնի համաձայնության։
Չնայած հրթիռները փոխանցում է Գերմանիան, սակայն ԱՄՆ զենքի արտահանման վերահսկման ակտով պահանջվում է, որ Կոնգրեսը հաստատի երրորդ երկրներին ամերիկյան զենքի փոխանցումները, եթե դրանց նախնական արժեքը գերազանցում է 14 միլիոն դոլարը։
«Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է թույլատրել այս փոխանցումը՝ հաշվի առնելով քաղաքական, ռազմական և տնտեսական նկատառումները, ինչպես նաև մարդու իրավունքներին և սպառազինությունների վերահսկմանը վերաբերող հարցերը», - նշվում է փաստաթղթում։
Ըստ Պետքարտուղարության՝ փոխանցումը համահունչ է ԱՄՆ-ի՝ անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու նպատակներին։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Ուկրաինան ցանկանում է ձեռք բերել այդ հրթիռներն իր հակաօդային պաշտպանության կարողություններն ուժեղացնելու նպատակով՝ ռուսական շարունակական հարձակումների դեմ։ Նշվում է նաև, որ Կիևն արդեն ունի նման տեսակի զինամթերք։
Մատակարարումը կարող է իրականացվել օրենսդրական կարգով սահմանված պարտադիր ուսումնասիրության ժամկետի ավարտից հետո, եթե օրենսդիրները չառարկեն գործարքին։