ՀԱՀ-ի հաջորդ փուլի առանցքում են ակադեմիական գերազանցությունը, գիտահետազոտական ներուժն ու միջազգային ընդլայնումը. բուհը նշում է հիմնադրման 35 ամյակը

35 րոպեի ընթերցում

Հայաստանի ամերիկյան համալսարանը նշում է հիմնադրման 35-ամյակը՝ զարգացման նոր փուլ մտնելով։ Համալսարանի հաջորդ տասնամյակի ռազմավարական առաջնահերթությունների թվում են ակադեմիական ներուժի ընդլայնումը, գիտահետազոտական կարողությունների զարգացումը, նոր կրթական ծրագրերի ներդրումը, միջազգային համագործակցության խորացումը և համալսարանի ենթակառուցվածքների ընդլայնումը։ ՀԱՀ-ի նախագահ, դոկտոր Բրյուս Պողոսյանի խոսքով՝ համալսարանի նկատմամբ պահանջարկի աճն արդեն իսկ անհրաժեշտություն է դարձրել նոր մասնաշենքերի կառուցումը, իսկ առաջիկա տարիներին ՀԱՀ-ը նպատակ ունի ավելի մեծացնել իր ազդեցությունը Հայաստանում և միջազգային ակադեմիական միջավայրում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դոկտոր Պողոսյանն անդրադարձել է ՀԱՀ-ի անցած 35-ամյա ճանապարհին, համալսարանի ձեռքբերումներին ու կառույցի առջև ծառացած մարտահրավերներին, նոր կրթական և գիտահետազոտական ուղղություններին, միջազգային համագործակցությանը, երիտասարդների՝ Հայաստանի հետ կապը պահպանելու հնարավորություններին, ինչպես նաև ՀԱՀ-ի 35-ամյակի միջոցառումներին։

– Դուք արդեն երկրորդ անգամ եք գլխավորում Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ նախ 2010-2014 թվականներին, ապա՝ 2023-ից ի վեր։ Երբ գրեթե մեկ տասնամյակի ընդմիջումից հետո վերադարձաք համալսարան, ո՞ր փոփոխությունն էր Ձեզ համար առավել նկատելի, որո՞նք են այն հիմնական ձեռքբերումները, որոնք այսօր ապահովում են ՀԱՀ-ի մրցունակությունը և ի՞նչ նոր խնդիրներ տեսաք համալսարանի առջև։

– Երբ գրեթե մեկ տասնամյակ անց վերադարձա Հայաստանի ամերիկյան համալսարանը, ինձ համար ակնհայտ դարձավ, թե որքան մեծ ճանապարհ է անցել համալսարանը՝ շարունակելով զարգանալ իմ առաջին նախագահության տարիներին ձևավորված հիմքի վրա։ 2010-2014 թվականներին, երբ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահն էի, այն ավելի փոքր էր՝ շուրջ 400 ուսանողով և հիմնականում կենտրոնացած էր մագիստրոսական կրթության վրա։ Այդ շրջանում մենք ներդրեցինք բակալավրի կրթական ծրագիրը, ինչը շրջադարձային նշանակություն ունեցավ համալսարանի զարգացման համար։ Այսօր էապես այլ համալսարան է՝ ավելի քան 2,800 ուսանողով, կրթական ծրագրերի ավելի լայն շրջանակով, ավելի ամուր ինստիտուցիոնալ կարողություններով և Հայաստանում ու միջազգային ասպարեզում զգալիորեն ընդլայնված ներկայությամբ։

Ինձ համար տպավորիչ էր ոչ միայն համալսարանի աճը, այլև այն փաստը, որ ընդլայնման ընթացքում պահպանել էր իրեն բնորոշ առանձնահատկությունները։ Ակադեմիական գերազանցության նկատմամբ մեր հանձնառությունը, Միացյալ Նահանգների կողմից հավատարմագրումը, Կալիֆոռնիայի համալսարանի հետ մեր համագործակցությունը, թափանցիկության և համատեղ կառավարման մշակույթը, ինչպես նաև դիմորդի վճարունակությունից անկախ ընդունելության և ֆինանսական օժանդակության միջոցով համալսարանի կրթությունը հասանելի դարձնելու մեր հանձնառությունը շարունակում են մնալ մեր ինքնության առանցքում։

Կարծում եմ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայիս մրցունակությունը պայմանավորված է մի շարք ձեռքբերումներով։ Համալսարանը հաջողությամբ ստեղծել է Հայաստանի փոփոխվող կարիքներին համապատասխանող կրթական ծրագրեր և ամրապնդել գիտահետազոտական կարողությունները՝ միաժամանակ սերտ կապեր հաստատելով մասնավոր հատվածի և պետական կառույցների հետ, ընդլայնելով հետազոտական գործունեությունը, ինչպես նաև ներգրավելով տաղանդավոր ուսանողների և դասախոսների։ Մեր շրջանավարտները նշանակալի ներդրում են ունենում տարբեր ոլորտներում, իսկ հետազոտական կենտրոնները նպաստում են հանրային առողջապահության, շրջակա միջավայրի, տեխնոլոգիաների, տնտեսության, դիվանագիտության և հանրային քաղաքականության ոլորտներում առկա կարևոր մարտահրավերների հաղթահարմանը։

Միևնույն ժամանակ, ՀԱՀ վերադառնալով, ինձ համար պարզ դարձավ, որ մեր հաջողությունները նաև նոր մարտահրավերներ են ստեղծել։ Ամենահրատապ մարտահրավերը համալսարանի տարածքային հնարավորությունների սահմանափակումն է։ Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթություն ստանալու պահանջարկը շարունակում է աճել: Օրինակ՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության ժամանակ մենք ստացանք 809 դիմում, իսկ 2024-2025 թվականներին՝ 1165 դիմում։ Այս թիվը շարունակելու է աճել։ Ներկայումս մենք չենք կարողանում ընդունել բազմաթիվ որակավորված դիմորդների՝ բավարար լսարանային տարածք չունենալու պատճառով։ Հետևաբար, համալսարանի ենթակառուցվածքների ընդլայնումը խիստ անհրաժեշտ է։

Երկրորդ կարևոր մարտահրավերը մեր գիտահետազոտական գործունեության և ներուժի ամրապնդումն է։ Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ որպես հետազոտահեն համալսարանի զարգացմանը զուգահեռ՝ անհրաժեշտ է շարունակել ներդրումները գիտահետազոտական ենթակառուցվածքների, լաբորատոր տարածքների և դասախոսների աջակցության համակարգերի բարելավման ուղղությամբ։ Սա նշանակում է ներգրավել և պահպանել ակտիվ հետազոտական գործունեություն իրականացնող դասախոսների, ընդլայնել միջազգային համագործակցությունները, ավելացնել արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող հետազոտությունների ծավալը և ստեղծել հիմքեր առաջիկայում դոկտորական ծրագրերի ներդրման համար։

Մենք պետք է նաև շարունակենք ամրապնդել ՀԱՀ-ի միջազգային ներկայությունը՝ ներգրավելով ավելի շատ օտարերկրյա ուսանողների և դասախոսների, ընդլայնելով միջազգային ակադեմիական կապերը և միաժամանակ պահպանելով ՀԱՀ-ի սերտ կապը Հայաստանի հետ։ Մեր առաջիկա մարտահրավերը պարզապես աճը չէ, այլ մտածված և կշռադատված զարգացումը․ մենք պետք է շարունակենք ընդլայնել կրթական ծրագրերի շրջանակը, ամրապնդել գիտահետազոտական գործունեությունը և պատրաստել այնպիսի շրջանավարտներ, որոնք կարող են նշանակալի ներդրում ունենալ Հայաստանում և միջազգային ասպարեզում։

Տարիներ անց ես վերադարձա մի համալսարան, որը հավատարիմ էր մնացել իր հիմնական առաքելությանը, բայց արդեն ուներ շատ ավելի մեծ հնարավորություններ և պատասխանատվություն։ Այսօր Ամերիկյան համալսարանը կանգնած է ամուր հիմքերի վրա՝ զարգացման հաջորդ փուլ անցնելու համար, և մեր խնդիրն է ամրապնդել ձեռքբերածը, հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները և ընդլայնել ՀԱՀ-ի ազդեցության շրջանակը։

– Այս տարի Հայաստանի ամերիկյան համալսարանը նշում է հիմնադրման 35-ամյակը։ Եթե գնահատեք անցած ճանապարհը, ի՞նչ ազդեցություն է համալսարանն ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի զարգացման վրա, և ի՞նչ նոր մշակույթ է ձևավորել կրթության ոլորտում։

– Անցած 35 տարիների ընթացքում ՀԱՀ-ի ազդեցությունը չի սահմանափակվել միայն ուսանողների կրթությամբ։ Ի սկզբանե ՀԱՀ-ն ունեցել է ավելի մեծ առաքելություն, այն է՝ նպաստել Հայաստանի ապագայի համար անհրաժեշտ մարդկային ներուժի ձևավորմանը, ինստիտուտների զարգացմանը և գիտության առաջընթացին։

Կարծում եմ՝ ՀԱՀ-ի կարևորագույն ներդրումներից մեկը բարձրագույն կրթության այնպիսի մոդելի ներդրումն է, որը համատեղում է միջազգային չափորոշիչներն ու Հայաստանի հետ ամուր կապը։ Մենք ձգտել ենք ձևավորել մշակույթ, որի հիմքում առաջին հերթին ակադեմիական գերազանցությունն են, քննադատական մտածողությունն ու հետազոտությունը՝ միաժամանակ հավատարիմ մնալով թափանցիկության, ակադեմիական ազատության և համատեղ կառավարման մեր հանձնառությանը։

Թերևս մեր ամենակարևոր ներդրումն այն է, որ ցույց ենք տվել՝ Հայաստանը կարող է ունենալ միջազգային ակադեմիական միջավայրին սերտորեն կապված համալսարան, որն ամուր հիմքեր ունի երկրում և իր շրջանավարտներին զինում է միջազգային ասպարեզում հաջողությամբ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։

Որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ՝ ես տեսնում եմ, որ կարևոր վերափոխում է տեղի ունենում։ Հայաստանն արդիականացնում է բարձրագույն կրթության և գիտահետազոտության համակարգերը, իսկ երկրի համալսարանները, այդ թվում՝ մերը, աստիճանաբար զարգացնում են ժամանակակից տնտեսության համար անհրաժեշտ մասնագիտական ներուժն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, ճարտարագիտությունը, կիրառական մաթեմատիկան, ձեռնարկատիրությունը և հանրային քաղաքականությունը։

Ամենակարևորն այն է, որ մեր ուսանողներն այսօր այլևս ստիպված չեն ընտրություն կատարել Հայաստանում իրենց ապագան կառուցելու և միջազգային ասպարեզում գործունեություն ծավալելու միջև։ Նրանք ակնկալում են համատեղել այս երկուսը։ Թերևս սա այն կարևորագույն փոփոխություններից մեկն է, որին մեր համալսարանն էապես նպաստել է։

Սերունդներ շարունակ Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ հաճախ ձևավորվել է մարդկանց՝ երկրից դուրս մեկնելու արդյունքում։ Այսօր, սակայն, պատկերը փոխվում է․ մարդիկ, գաղափարները, ներդրումներն ու տեխնոլոգիաները շարժվում են երկու ուղղությամբ։ ՀԱՀ-ը հպարտ է մասնակցելու այս վերափոխմանը՝ Հայաստանը կապելով աշխարհի հետ և աշխարհն ավելի մոտեցնելով Հայաստանին։

– Ինչպիսի՞ն եք պատկերացնում ՀԱՀ-ի հաջորդ տասնամյակը։ Որո՞նք են համալսարանի ռազմավարական առաջնահերթությունները և զարգացման հիմնական ուղղությունները։

– Հաջորդ տասնամյակում ՀԱՀ-ի նպատակն է ամրապնդել անցած 35 տարիների ընթացքում ձևավորված ամուր հիմքը և ընդլայնել իր ազդեցությունը Հայաստանում և միջազգային հանրության շրջանում։ 2024-2034 թթ․ մեր ռազմավարական ծրագիրը սահմանում է համալսարանի զարգացման հաջորդ փուլի հիմնական ուղղությունները՝ կենտրոնանալով ակադեմիական գերազանցության, գիտահետազոտական գործունեության զարգացման, նորարարության և ինստիտուցիոնալ կայունության վրա։

Ինչպես արդեն նշեցի, մեր առանցքային առաջնահերթություններից են ակադեմիական ներուժի ընդլայնումն ու գիտահետազոտական կարողությունների զարգացումը։ Առաջիկա տարիներին հատկապես կարևոր կլինի ապահովել այս ուղղությունների առաջընթացի համար անհրաժեշտ ռեսուրսները, մասնագիտական ներուժն ու ենթակառուցվածքները։

Բարեբախտաբար, այս տեսլականը կյանքի կոչելու գործում մեզ աջակցում են նաև մեր բարերար գործընկերները։ Օրինակ՝ Աֆեյան ընտանեկան հիմնադրամը երկարաժամկետ աջակցություն է ցուցաբերում ՀԱՀ-ին՝ տրամադրելով ակադեմիական գերազանցությանն ու նորարարությանը նպաստող կարևոր ֆինանսավորում և հետազոտական դրամաշնորհներ։ Մենք նաև զարգացնում ենք գիտահետազոտական գործունեությունը այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են JACE հիմնադրամի հետազոտությունների և նորարարության դրամաշնորհային ծրագիրը և անվանական պրոֆեսորական ծրագրերը։ Դրանք մեզ օգնում են ներգրավել և աջակցել բարձր որակավորում ունեցող դասախոսների, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում ամրապնդել ՀԱՀ-ի հետազոտական ներուժը։

Այսօր ՀԱՀ-ի տարբեր ֆակուլտետներում իրականացվող հետազոտությունների շնորհիվ ստեղծվում են նոր գիտելիքներ, որոնք նպաստում են կարևոր մարտահրավերների հաղթահարմանը և համաշխարհային գիտության զարգացմանը։ Մեր հետազոտական առաջնահերթություններն ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը, հանրային առողջապահությունն ու առողջապահական համակարգերը, կլիման և շրջակա միջավայրի կայունությունը, տնտեսագիտությունը, ինչպես նաև այլ ուղղություններ, որտեղ հետազոտությունը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ։

Մեր ծրագրերից է նաև համալսարանի ենթակառուցվածքների ընդլայնումը։ Վերջերս համալսարանի հարևանությամբ բացվեց ՀԱՀ Եռանկյունաձև այգին (Կարեն Կակոսյան պարտեզներ)։ Այգու համար նախատեսված տարածքը Երևանի քաղաքապետարանը ՀԱՀ-ին տրամադրել է 25 տարի ժամկետով՝ անհատույց օգտագործման իրավունքով։ Այգու ստեղծման հիմքում ՀԱՀ համայնքի և Երևանի բնակիչների համար նոր կանաչ տարածք ստեղծելու տեսլականն էր։

Նախատեսվող նոր մասնաշենքերի համալիրի կառուցումը մեզ հնարավորություն կտա արձագանքելու ՀԱՀ-ում կրթություն ստանալու աճող պահանջարկին, ընդլայնելու լաբորատոր և հետազոտական տարածքները, ինչպես նաև ստեղծելու նոր հնարավորություններ ուսանողների և դասախոսների համար։

– ՀԱՀ-ի բազմաթիվ շրջանավարտներ այսօր ղեկավար պաշտոններում են, հիմնել են հաջողակ ընկերություններ կամ կարևոր դեր են ստանձնել պետական և մասնավոր հատվածներում։ Ո՞րն է, ըստ Ձեզ, համալսարանի հաջողության բանաձևը առաջնորդներ և փոփոխություններ նախաձեռնող մասնագետներ պատրաստելու գործում։

– Կարծում եմ՝ ավելի քան 8,000 շրջանավարտներից բաղկացած մեր համայնքը ՀԱՀ-ի առաքելության ամենավառ արտացոլումներից մեկն է։ Նրանց ձեռքբերումները ցույց են տալիս, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այն կրթությունը, որը մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները համադրում է քննադատական մտածողության, էթիկական պատասխանատվության և հասարակությանը նպաստելու հանձնառության հետ։

ՀԱՀ-ում ապագա առաջնորդների կրթության հիմքում խորքային մասնագիտական գիտելիքների և համակողմանի կրթության համադրությունն է․ իրենց ընտրած մասնագիտական ուղղություններում ուսանողները ստանում են ամուր ակադեմիական պատրաստվածություն, որը լրացվում է ընդհանուր կրթության բաղադրիչով՝ զարգացնելով նրանց հաղորդակցման հմտությունները, ստեղծարարությունը և բարդ խնդիրներին տարբեր տեսանկյուններից մոտենալու կարողությունը։ Այսօր, երբ աշխարհն արագ փոփոխվում է, այս հատկանիշներն անհրաժեշտ են մասնագետներին՝ փոփոխություններին հարմարվելու, նորարարություններ իրականացնելու և առաջնորդելու համար։

Դուք իրավացի եք․ մեր շրջանավարտները մեծ ազդեցություն ունեն տարբեր ոլորտներում՝ տեխնոլոգիաներից և ձեռնարկատիրությունից մինչև գործարարություն, առողջապահություն, պետական կառավարման համակարգ, քաղաքացիական հասարակություն, կրթություն և հետազոտություն։ Նրանցից շատերը հիմնել և զարգացրել են հաջողակ ընկերություններ, իսկ մյուսները ղեկավար պաշտոններ են զբաղեցնում Հայաստանում և միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ServiceTitan-ում, Picsart-ում, NVIDIA-ում և այլուր։ Նրանք նաև իրենց ներդրումն են ունենում հանրային ծառայության ոլորտում՝ նպաստելով պետական քաղաքականության առաջընթացին, առողջապահական համակարգերի ամրապնդմանը և Հայաստանում նորարարական միջավայրի ձևավորմանը։

Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ մեր շրջանավարտներից շատերը շարունակում են սերտ կապ պահպանել Հայաստանի հետ և իրենց մասնագիտական կարողություններն օգտագործում են երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար։ Նրանք մարմնավորում են այն գաղափարը, որ կրթությունը միայն անհատական ձեռքբերումների մասին չէ․ այն նաև պատասխանատվության և հասարակությանը ծառայելու պատրաստակամության մասին է։

– Երիտասարդների արտահոսքը բոլոր ժամանակներում մտահոգիչ է եղել Հայաստանի համար։ Ի՞նչ դեր կարող են ունենալ համալսարանները, որպեսզի լավագույն ուսանողները կրթությունն ավարտելուց հետո իրենց ապագան կապեն Հայաստանի հետ։

– Համալսարաններն այս հարցում կարևոր դեր ունեն, բայց չեմ կարծում, թե լուծումը պարզապես երիտասարդներին երկրից չհեռանալ հորդորելն է։ Մենք պատասխանատվություն ենք կրում նրանց բարձրորակ կրթությամբ ապահովելու, մասնագիտական կյանքին պատրաստելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու հնարավորություններ ստեղծելու համար։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նաև ունենալ ամուր տնտեսություն, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ապագան կառուցել Հայաստանում՝ այլ երկրներում հնարավորություններ փնտրելու փոխարեն։

ՀԱՀ շրջանավարտների 76%-ն ապրում է Հայաստանում, իսկ աշխատող շրջանավարտների ավելի քան 75%-ը գործունեություն է ծավալում այստեղ։ Մենք հպարտ ենք այս ցուցանիշով, բայց նաև գիտակցում ենք, որ նոր հնարավորությունների ստեղծումը կարևոր նշանակություն ունի։ Այդ նպատակով անհրաժեշտ է նպաստել ուսանողների և գործատուների միջև կապերի ձևավորմանը, աջակցել ձեռնարկատիրությանն ու նորարարությանը, ինչպես նաև հնարավորություն տալ շրջանավարտներին կիրառելու իրենց գիտելիքները գործնականում՝ ՀԱՀ-ի հետազոտական կենտրոնների, մասնավոր հատվածի և պետական կառույցների հետ համագործակցության միջոցով։

Միևնույն ժամանակ, միջազգային փորձը կարող է արժեքավոր լինել Հայաստանի համար։ Մեր նպատակն է պատրաստել այնպիսի շրջանավարտներ, որոնք ներգրավված են միջազգային մասնագիտական միջավայրում, բայց շարունակում են սերտորեն կապված մնալ Հայաստանի հետ՝ իրենց մասնագիտական ուղին կառուցելով այստեղ, արտերկրում փորձ ձեռք բերելուց հետո վերադառնալով Հայաստան կամ միջազգային կապերի միջոցով նպաստելով Հայաստանի զարգացմանը։

– Նոր կրթական ծրագրեր մշակելիս ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում, և ինչպե՞ս եք գնահատում դրանց համապատասխանությունը Հայաստանի աշխատաշուկայի ներկա և ապագա պահանջներին։

– Ինչպես արդեն նշեցի, 2024-2034 թթ․ ռազմավարական ծրագիրը սահմանում է ՀԱՀ-ի ակադեմիական զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով այն ոլորտները, որտեղ առաջիկա տարիներին Հայաստանը շատ մասնագետների կարիք կունենա։ Նոր ծրագիր մշակելիս մենք ուսումնասիրում ենք աշխատաշուկայի կարիքներն ու ազգային առաջնահերթությունները, ինչպես նաև այն ոլորտները, որոնցում Հայաստանն ակնհայտ առավելություններր ունի և որոնք, մեր կարծիքով, զարգացման մեծ հնարավորություններ են ընձեռում։

Հայաստանն այսօր մուտք է գործում տեխնոլոգիական և տնտեսական վերափոխման կարևոր փուլ՝ հատկապես արհեստական բանականության, առաջադեմ ճարտարագիտության և կայուն էներգիայի ոլորտներում։ Երկիրն ունի ամուր հիմքեր մաթեմատիկայի, ճարտարագիտության, համակարգչային գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում, ինչպես նաև զարգացող տեխնոլոգիական ոլորտ, բարձր մասնագիտական ներուժ ունեցող սփյուռք և առաջադեմ հետազոտական ենթակառուցվածքներից օգտվելու ընդլայնվող հնարավորություններ։ Այս առավելությունները Հայաստանին հնարավորություն են ընձեռում ամրապնդելու իր դիրքը արհեստական բանականության և տեխնոլոգիաների համաշխարհային էկոհամակարգում։

Արհեստական բանականությունն այն ուղղություններից է, որտեղ ՀԱՀ-ը կարող է նշանակալի ներդրում ունենալ։ Մենք հնարավորություն ունենք մեկտեղելու կրթությունը, միջգիտակարգային հետազոտությունը, նորարարությունը և տեխնոլոգիայի փոխանցումը՝ համալսարանում ստեղծվող գիտելիքները գործնականում կիրառելու և դրա ազդեցությունն ընդլայնելու համար։

Նման հնարավորություններ մենք տեսնում ենք նաև թվային տեխնոլոգիաների և կայուն էներգիայի հատման կետում, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարագիտությունը, կիրառական մաթեմատիկան, տնտեսագիտությունը և հանրային քաղաքականությունը։ Օրինակ՝ մեր նոր Տնտեսագիտության բակալավրի ծրագիրը հիմնվում է ՀՀ կենտրոնական բանկի հետ երկարամյա համագործակցության վրա և արձագանքում է տնտեսագիտության ոլորտում ավելի խորացված գիտելիքներ ունեցող մասնագետների պահանջարկին։ Մենք նաև ուսումնասիրում ենք ճարտարագիտության ոլորտում նոր ուղղությունների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ Մեխանիկական և ավիատիեզերական ճարտարագիտության, Էլեկտրատեխնիկայի, Արհեստական բանականության և Կիրառական մաթեմատիկայի մասնագիտացված ծրագրերի ներդրումը։

Ի վերջո, մեր նպատակն է ոչ թե պարզապես նոր ծրագրեր ավելացնել, այլ կանխատեսել, թե ինչ ուղղությամբ են զարգանալու Հայաստանը և համաշխարհային տնտեսությունը, որպեսզի ՀԱՀ շրջանավարտները համալսարանն ավարտելիս ունենան իրենց մասնագիտական ուղին հաջողությամբ կառուցելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։

– ՀԱՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել։ Ավելի վաղ նշել էիք, որ համալսարանի ենթակառուցվածքների ընդլայնումն արդեն հրամայական է։ Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները, և ի՞նչ փոփոխություններ են դրանք բերելու ուսումնական գործընթացում։

– Այո, ՀԱՀ-ում կրթություն ստանալու պահանջարկն իսկապես շարունակում է աճել։ Ավելի շատ ուսանողներ ընդունելու մեր կարողությունը սահմանափակող հիմնական գործոնը համալսարանի ներկայիս տարածքային հնարավորություններն են։ Այդ պատճառով համալսարանի ենթակառուցվածքների ընդլայնումն այսօր դարձել է հրամայական։

Համալսարանի հետնամասում՝ Սոսեի փողոցում, նոր մասնաշենքերի համալիր կառուցելու ուղղությամբ մեր ծրագրերն արդեն առաջ են ընթանում։ Մենք սերտորեն համագործակցում ենք մեր ճարտարապետական գործընկերների՝ Լոս Անջելեսում գործող MRY Architects-ի և Երևանում գործող TF Architects-ի հետ՝ շարունակելով նախագծման և համակարգման աշխատանքները։ Մենք արդեն ստացել ենք շինության նախագծման համար անհրաժեշտ թույլտվությունը և պատրաստվում ենք անցնել նախագծի հաջորդ փուլերին։

Թեև շինարարությունն ավարտին հասցնելու համար ժամանակ կպահանջվի, այս ընդլայնումը կարևոր ներդրում է ՀԱՀ-ի ապագայի համար։ Այն թույլ կտա մեզ զարգացնել համալսարանի ակադեմիական ներուժը, ավելացնել լաբորատոր և հետազոտական տարածքները և ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի համագործակցությանը, նորարարությանը և ուսանողների ուսումնառությանը։

– Միջազգային համագործակցությունը ՀԱՀ-ի կարևոր առավելություններից է։ Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները ինչպե՞ս են ազդում միջազգային գործընկերությունների, ակադեմիական փոխանակումների և համատեղ ծրագրերի վրա։

– Միջազգային համագործակցությունը մշտապես ՀԱՀ-ի ինքնության առանցքային բաղադրիչներից մեկն է եղել, և մենք շարունակում ենք միջազգային ներգրավվածությունը դիտարկել որպես բարձրորակ կրթության ապահովման կարևոր պայման։ Չնայած ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի հետևանքով ստեղծված մարտահրավերներին՝ ՀԱՀ-ը շարունակում է ընդլայնել իր միջազգային համագործակցության շրջանակը։ Մենք ակտիվորեն ներգրավում ենք դասախոսների աշխարհի տարբեր երկրներից, որոնց բազմազան ակադեմիական փորձն ու մասնագիտական տեսակետները կարևոր դեր ունեն ՀԱՀ-ի կրթական և հետազոտական միջավայրում։ Միևնույն ժամանակ, մենք ուսանողներին հնարավորություն ենք տալիս միջազգային փորձ ձեռք բերելու ակադեմիական փոխանակման և արտերկրում ուսումնառության ծրագրերի միջոցով, այդ թվում՝ MIT-ի MITSI ծրագրի, Worcester Polytechnic Institute (WPI) և Erasmus+ ծրագրերի հետ համագործակցությունների շրջանակում։

Մեր ակադեմիական գործընկերությունները նպաստում են նաև նոր կրթական ծրագրերի ստեղծմանը՝ Հայաստանում հասանելի դարձնելով համաշխարհային մասնագիտական փորձը։ Դրա վառ օրինակն է ՀԱՀ Լրագրության մագիստրոսի ծրագիրը (MAMJ), որը մշակվել է ԱՄՆ-ի աջակցությամբ՝ Վաշինգտոնի պետական համալսարանի Էդվարդ Ռ. Մըրոուի անվան հաղորդակցության ֆակուլտետի հետ համագործակցության արդյունքում։ Սեպտեմբերի 14-ից ծրագրի առաջին խմբի ուսանողները ԱՄՆ-ում կմեկնարկեն իրենց պրակտիկան՝ ստանալով լրագրության համաշխարհային փորձին ծանոթանալու արժեքավոր հնարավորություն։

Նման համագործակցություն է ձևավորվել նաև ՀԱՀ Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Ֆիլդինգ հանրային առողջապահության ֆակուլտետի միջև։ Միևնույն ժամանակ, ՀԱՀ Քույրական գործի բակալավրի ծրագիրը համագործակցում է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Քույրական գործի ֆակուլտետի հետ։ Այս համագործակցությունները նպաստում են ուսումնական ծրագրերի զարգացմանը՝ միաժամանակ ուսանողների համար ստեղծելով միջազգային լավագույն փորձին ծանոթանալու հնարավորություններ։

Մեր գիտահետազոտական գործընկերությունները ևս շարունակում են ընդլայնվել։ ՀԱՀ դասախոսները ներգրավված են միջազգային համագործակցություններում՝ այնպիսի նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են «Հորիզոն Եվրոպա»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի (ETICA) և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից ղեկավարվող «Հայաստանում էներգետիկայի անցման ոլորտում կլիմայական լուծումների գիտական հետազոտությունների զարգացում» (STREACS) ծրագիրը։ Այս գործընկերությունները հայ հետազոտողներին հնարավորություն են տալիս ներգրավվելու միջազգային ակադեմիական համագործակցություններում և նպաստելու ազգային սահմաններից դուրս գտնվող խնդիրների ուսումնասիրմանն ու լուծմանը։

Թեև աշխարհաքաղաքական իրողությունները նոր մարտահրավերների առջև են մեզ կանգնեցնում, դրանք միաժամանակ ավելի են ընդգծում ՀԱՀ-ի՝ Հայաստանի և աշխարհի միջև կապող օղակի դերը․ մենք ձգտում ենք համաշխարհային գիտական ձեռքբերումներն ու հնարավորությունները հասանելի դարձնել Հայաստանին՝ միաժամանակ միջազգային ասպարեզում ներկայացնելով Հայաստանի մասնագիտական փորձն ու նորարարությունը։

– ՀԱՀ-ը նպատակ ունի մեծացնել արտերկրից, այդ թվում՝ ոչ հայ ուսանողների թիվը։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում համալսարանի միջազգային գրավչությունը բարձրացնելու և Հայաստանը որպես կրթական կենտրոն առավել ճանաչելի դարձնելու ուղղությամբ։

– Այո, ՀԱՀ-ի միջազգային ներգրավվածության ամրապնդումը կարևոր նշանակություն ունի։ Ներկայումս օտարերկրյա ուսանողները կազմում են ուսանողական համայնքի շուրջ 10%-ը, և առաջիկա տարիներին մենք նախատեսում ենք ավելացնել նրանց թիվը։

Այս նպատակով մենք ընդլայնում ենք միջազգային գործընկերություններն ու փոխանակման հնարավորությունները՝ շարունակելով ներգրավել բարձր որակավորում ունեցող դասախոսների ամբողջ աշխարհից։ Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ օտարերկրյա ուսանողների թվի ավելացումը պահանջում է մի շարք կարևոր գործնական հարցերի լուծում՝ կապված ուսանողների կացության, դասախոսների բնակության և վիզաների տրամադրման գործընթացների հետ։

Մեր նպատակն է ոչ միայն ավելացնել ուսանողների թիվը, այլև ձևավորել բազմազան ակադեմիական համայնք, որտեղ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուսանողները հնարավորություն կունենան փոխանակվելու գիտելիքներով՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի՝ որպես կրթության, նորարարության և գիտահետազոտական կենտրոնի զարգացմանը։

– Ի՞նչ նոր կրթական ծրագրեր, գիտահետազոտական նախաձեռնություններ կամ նորարարական նախագծեր են նախատեսվում առաջիկա տարիներին, և ինչպե՞ս են դրանք նպաստելու Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացմանը։

Հայաստանն արդիականացնում է բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության համակարգը, իսկ երկրի համալսարանները, այդ թվում՝ ՀԱՀ-ը, ստեղծում են կրթական ծրագրեր արհեստական բանականության, ճարտարագիտության, կիրառական մաթեմատիկայի, ձեռնարկատիրության, հանրային քաղաքականության և ժամանակակից տնտեսության համար կարևոր այլ ոլորտներում։

Ինչ վերաբերում է գիտահետազոտական նախաձեռնություններին և նորարարական նախագծերին՝ ՀԱՀ-ի 2024-2034 թթ․ ռազմավարական ծրագրի առանցքային ուղղություններից են գիտահետազոտական ներուժի ամրապնդումը և նորարարության զարգացման համար նպաստավոր միջավայրի ձևավորումը։

Այս ուղղությամբ կարևոր քայլ էր Հովանավորվող ծրագրերի և տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակի ստեղծումը։ Գրասենյակն արդեն աջակցել է ՀԱՀ-ի առաջին արտոնագրային հայտի ներկայացմանը։

Մենք նաև ընդլայնում ենք մեր գիտահետազոտական գործունեության շրջանակը «Հորիզոն Եվրոպա»-ի ֆինանսավորմամբ գործող Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի և դրա նոր՝ FORESEE նախագծի միջոցով։ Նախագիծն ուսումնասիրում է արհեստական բանականության զարգացման և գնահատման այնպիսի մոտեցումներ, որոնք կարող են ապահովել դրա հուսալիությունն ու օգտակարությունը հասարակության համար։

– Այսօր, երբ ՀԱՀ-ը նշում է իր 35-ամյակը, ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգեշնչում համալսարանի անցած ճանապարհում, և ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր կանգնած են բարձրագույն կրթության ընտրության առաջ։

– Անդրադառնալով ՀԱՀ-ի 35-ամյա ուղուն՝ ինձ ամենից շատ ոգեշնչում է այն փաստը, թե ինչպես է Հայաստանի պատմության վճռորոշ շրջանում ծնված համարձակ տեսլականը վերածվել համալսարանի, որն այսօր կրթում է առաջնորդների և նպաստում երկրի զարգացմանը։ Ես հպարտ եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ որպես ակադեմիական հաստատության, անցած ճանապարհով։

Իմ խորհուրդը երիտասարդներին հետևյալն է․ ընտրեք այն ոլորտը, որը ձեզ հետաքրքրում է, և սովորեք դրա հիմունքները։ Խորությամբ ուսումնասիրեք դրանք։ Սովորելու ընթացքում մի՛ ապավինեք արհեստական բանականությանը՝ ձեր փոխարեն մտածելու համար։ Երբ արդեն խորապես տիրապետեք տվյալ ոլորտին, արհեստական բանականությունը, ամենայն հավանականությամբ, կդառնա ձեզ համար օգտակար գործիք, և դրանում ոչ մի վատ բան չկա։ Բայց միշտ հիշե՛ք, որ մարդկային ուղեղին ոչինչ չի կարող փոխարինել․ այն տիեզերքի ամենազարմանահրաշ երևույթներից մեկն է։ Ստեղծագործական աշխատանքը պարզապես պատասխաններ գտնելու մասին չէ․ այն բնության տրամաբանությունը, գեղեցկությունն ու ներդաշնակությունը և այդ ամբողջության մեջ մեր տեղը բացահայտելու գործընթաց է։ Թույլ տվեք ձեզ զգալ ստեղծագործելու և բացահայտումներ անելու բերկրանքը՝ անկախ ձեր մասնագիտացման ոլորտից։

– Հոբելյանական տարվա շրջանակում ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում, և ի՞նչ ուղերձ եք ցանկանում հղել համալսարանի շրջանավարտներին, ուսանողներին ու գործընկերներին։

– Մենք նշելու ենք ՀԱՀ-ի 35-ամյակը տոնական միջոցառումներով, որոնք կմիավորեն համալսարանի՝ Հայաստանում և արտերկրում գտնվող համայնքին։ Հոբելյանական միջոցառումն ու համերգը տեղի կունենան սեպտեմբերի 25-ին՝ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում։ Երեկոյի հատուկ ծրագրի շրջանակում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որից հետո ներկաներին սպասվում է հյուրասիրություն։

Տոնակատարությունները կշարունակվեն նոյեմբերի 7-ին՝ Կալիֆոռնիայի Բևերլի Հիլզ քաղաքում։ ՀԱՀ-ի 35-ամյակին նվիրված գալա-երեկոն կհամախմբի հայկական սփյուռքի տարբեր համայնքներից մեր աջակիցներին, շրջանավարտներին և գործընկերներին՝ նշելու ՀԱՀ-ի 35-ամյա ճանապարհն ու ավանդը՝ կրթության զարգացմանը նպաստելու, նոր հնարավորություններ ստեղծելու և առաջնորդների նոր սերունդ ձևավորելու գործում։

ՀԱՀ համայնքին ցանկանում եմ հղել հետևյալ ուղերձը․ դուք մի հաստատության անբաժանելի մասն եք, որը 35 տարի շարունակ նպաստում է առաջնորդների ձևավորմանն ու Հայաստանում դրական փոփոխությունների իրականացմանը։ Ամենահետաքրքիր հնարավորությունները, սակայն, դեռ առջևում են։ Հայաստանն այսօր արագ զարգացող տնտեսություն ունի, իսկ գործարարության և տեխնոլոգիաների ոլորտները ծաղկում են ապրում։ Աշխարհի հետ մեր կապերը շարունակաբար ընդլայնվում են և ավելի մեծ նշանակություն ստանում։ Հայաստանում հնարավորությունները զգալիորեն ավելի մեծ են, քան շատ ավելի խոշոր երկրներում։ Ուստի խնդրում եմ՝ մնացե՛ք Հայաստանում կամ վերադարձե՛ք այստեղ և ձեր ներդրումն ունեցեք ուժեղ ու անկախ երկրի զարգացման գործում։

Հայերեն English

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Huawei Technologies-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Չինաստանում օգոստոսին կատակլիզմներից վնասը գերազանցել է 5,3 միլիարդ դոլարը

ԵՄ-ն Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնի

Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար. NBC News

Հայաստանն արևմուտքի և արևելքի, հյուսիսի և հարավի հանդիպման կիզակետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանի բացառիկ հարցարզույցը

Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակումը դարձել է ամենազանգվածայիններից մեկը. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածները

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

ԱՄՆ-ն պատրաստ է հաստատել Գերմանիայի կողմից Ուկրաինային տասը Patriot հրթիռի փոխանցումը